Երևանի Հալաբյան փողոցում երեկ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունը, ինչպես արդեն հասկանալի է ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվությունից (http://www.investigative.am/news/view/paytyun-tiv-63-avtobus.html), որևէ կապ չունի ավտոբուսի դիզելային վառելիքի կամ դիզելային վառելիքի բաքի հետ:

 

 

Սա նշանակում է, որ պայթյունի փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության վարույթում գտնվող քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի ոչ այն հոդվածով, որով պետք է հարուցվեր: Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացվել է, քրեական գործը հարուցվել է քր. օր.-ի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ»): Մինչդեռ արդեն պարզ է, որ տվյալ պայթյունն ավտոբուսի վարորդի, այն շահագործող ընկերության (որին պատկանում է ավտոբուսը) մեղքով կամ ավտոբուսի անսարքության հետևանքով չի եղել ու չէր էլ կարող լինել (այս եզրակացությանը կարելի է հանգել նկատի ունենալով պայթյունի առնչությամբ հրապարակված մանրամասները):
Կասկած չունեմ, որ հետագայում քր. օր.-ի հիշյալ հոդվածը փոխվելու է, կատարվելու է հանցավոր արարքի վերաորակում, եթե արդեն իսկ չի կատարվել:

 

 

Պարզ է նաև, որ ավտոբուսի սրահի ներսում դիտավորությամբ պայթեցվել կամ ինչ-որ անզգուշության, անփութության կամ դիպվածի հետևանքով պայթել է պայթուցիկ (պայթուցիկ սարքավորում): ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած տեղեկատվության համաձայն' ամբողջությամբ հերքվել է տեղական և միջազգային մամուլում շրջանառվող ահաբեկչության վարկածը: Եթե դա իրոք այդպես է, ապա ստացվում է, որ պայթուցիկը, ամենայն հավանականությամբ, պայթել է հենց ինչ-որ անզգուշության, անփութության կամ դիպվածի հետևանքով, այսինքն' դիտավորությամբ չի պայթեցվել:

 

 

Նկատի ունենանք, որ ահաբեկչության վարկածի հերքման, բացառման պարագայում պայթուցիկը (պայթուցիկ սարքավորումը) դիտավորությամբ կարող էր պայթեցվել միայն ավտոբուսում գտնվողներից ինչ-որ մեկին սպանելու նպատակով (սպանության վարկած): Սակայն այս դեպքում այդպիսի դիտավորություն ունեցողը կարող էր նրան սպանել նաև այլ կերպ և այլ վայրում' հաշվի առնելով, որ իր այդ հանցագործ արարքի արդյունքում կարող են զոհվել նաև ավտոբուսում գտնվող բազմաթիվ անմեղ մարդիկ: Բացի այդ, տվյալ նպատակն ունեցողը հաշվի կառներ նաև, որ այն անձը, որին ցանկանում է սպանել, կարող է և ողջ մնալ, ինչպես, փառք Աստծո, ողջ են մնացել վարորդը և ավտոբուսների ուղևորների մեծ մասը (7 հոգի): Այս ամենը կարող էր հաշվի չառնել թերևս միայն հոգեկան հիվանդը, բայց հոգեկան հիվանդին որտեղի՞ց այդպիսի պայթուցիկ սարք: Բացի այդ, չկա որևէ տեղեկություն գործով որևէ կասկածյալի հոգեկան հիվանդ կամ հոգեբուժարանում հաշվառված լինելու վերաբերյալ:

 

 

Ի վերջո, եթե հաստատվի, որ պայթուցիկն ավտոբուս տեղափոխած անձը զոհվածներից հենց այն մեկն է, որի դիակն անճանաչելի է (այժմ ԴՆԹ-ի փորձաքննությամբ աշխատանքներ են կատարվում դիակի և դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի (նախկինում երկու անգամ դատապարտված) նույնականացման ուղղությամբ), ապա, կարծում եմ, կհերքվի նաև այս վարկածը, քանի որ ինչ-որ մեկին սպանելու դիտավորություն ունեցողը չէր վարվի մահապարտ ահաբեկչի նման:

 

 

Այս իրավիճակում առավել հավանականն այն է, ինչ ներկայացրել է Իրավաբան.net-ն իր հրապարակած տեղեկություններով (http://iravaban.net/125345.html#ad-image-0): Ըստ այդմ, նախկինում երկու անգամ դատված անձը պայթուցիկն այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել իրենց տուն՝ մորը պայթացնելու նպատակով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Իրավաբան.net-ին հայտնել է, որ «դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը, քննությամբ եւ ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կենցաղային հողի վրա ունեցել է դժգոհություն ազգականների հետ եւ նախապատրաստվել է պայթեցման եղականով նրանց վնասել»: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ, հիշյալ անձի տանն ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։

 

 

Մեզ հասած հավաստի տեղեկատվության համաձայն, տվյալ անձի, որի անուն ազգանունը դեռ չի հրապարակվում, հիշյալ երկու դատվածություններից մեկն արտերկրում է եղել, Հայաստանում նա դատապարտվել է սպանության փորձի համար: Հավաստի աղբյուրներից մեզ հայտնի դարձավ նաև, որ մոր նկատմամբ նրա խնդիրը կապված է եղել բնակարանի հետ, քանի որ մայրն այն կտակել կամ նվիրել է աղջկան' իրեն բաժին չտալով: Այսինքն' պայթեցման եղանակով մորը սպանելու նրա դիտավորությունն ունեցել է կենցաղային դրդապատճառ: Այս պարագայում առայժմ տարօրինակ և անհասկանալի է, թե տրոտիլը կամ տրոտիլային լիցք ունեցող պայթուցիկ սարքը նա տաքսու փոխարեն ինչո՞ւ է տեղափոխել ավտոբուսով, ինչո՞ւ, ինչի՞ հետևանքով է այն պայթել չնախատեսված վայրում և ժամանակ, կամ ինչո՞ւ է եղել այնքան անզգույշ, որ պայթյունը կատարվել է իր կամքից անկախ: Հանրությանը (գուցե նաև իրավապահ մարմիններին) դեռ անհայտ է նաև այն, թե նա որտեղի՞ց է ձեռք բերել տրոտիլը, որը ձեռք բերելը հեշտ չէ:

 

 

Արթուր Հովհաննիսյան