ԼՈՒՐԵՐ.com-ի զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի Հայ Հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը։

 

- Պարոն Իշխանյան, երեկ Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե մեզ՝ հայերիս պետք չեն ազատագրված տարածքները։ Ավելին՝ նա ազատագրված տարածքները որակեց որպես գրավյալ և նշեց՝ պատրաստ են այդ հողերը հանձնել՝ Արցախի կարգավիճակի դիմաց։ Ինչպե՞ս եք այս հայտարարությանը վերաբերում։ Արդյոք սա լեզվի սայթաքո՞ւմ էր, թե՞ կանխամտածված մեսիջ։


- Իսկ դուք Հերմինե Նաղդալյանին հարցրե՞լ եք՝ իրավասու և լիազոր է՝ նման տեսակետ ներկայացնելու համար։ Միգուցե, նա նման տեսակետ ունի, բայց դա արտահայտելու համար նա լիազորվա՞ծ է։ Ես կարծում եմ՝ դա իրեն պետք է հարցնել։ Հերմինե Նաղդալյանը, զբաղեցնելով նման պաշտոն, լինելով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը, որևէ ձևով չպետք է նման մտայնություն ունենա։ Ինքը՝ որպես Հերմինե Նաղդալյան անձ, քաղաքական գործիչ, կարող է ցանկացած տեսակետ ունենալ և արտահայտել, բայց գոնե հույս ունենք, որ այդ տեսակետը Հայաստանի պաշտոնական շրջանակների պաշտոնական տեսակետ չէ։ Մյուս կողմից՝ կարող ենք փաստել, որ այսօր Ղարաբաղի խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, ունենալով իրենց մտահոգությունը, կարծում են, որ պետք է մեկ անգամ ևս շեշտադրվի՝ մենք Սահմանադրությամբ ունենք ամրագրված Արցախի տարածք, և որևէ մեկը լիազորված չէ, չի կարող Արցախի ժողովրդի, հայ ժողովրդի տեսակետը սեփականաշնորհված ձևով ներկայացնել։

 

- Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ Հերմինե Նաղդալյանի հետագա պաշտոնավարումը որպես ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավար՝ հակասում է Արցախի և համայն հայության շահերին: Համակարծի՞ք եք նրանց հետ և արդյոք պե՞տք է պահանջել Հ. Նաղդալյանի հրաժարականը։


- Ես չեմ ուզում մասնավորեցված ասել։ Բայց նման մտայնություն ունեցող ցանկացած անձնավորություն չպետք է զբաղեցնի նման պաշտոններ, ինչը զբաղեցնում է տվյալ պարագայում Հերմինե Նաղդալյանը։ Որևէ պաշտոնյա չպետք է նման մտայնություն ունենա՝ լինի ՀՀ-ում, թե Արցախում։ Փառք Աստծո, Արցախում նման մտայնություն ունեցող անձինք, կարծես թե, չկան։

 

- Եվ վերջում՝ ինչպե՞ս է իրավիճակը սահմանին։


- Ադրբեջանը հրադադարի պայմանների խախտմամբ փորձում է իրավիճակը շիկացած պահել։ Մեզ համար ակնհայտ է, որ Ադրբեջանի այս գործողությունները շարունակական են լինելու։

 

 

Քրիստինա Աղալարյան