Երբ երիտասարդները պահանջել են հանդիպում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ և փորձել են ներս մտնել, ոստիկանական սադրանք է եղել, դա է իմ նախնական գնահատականը, որից հետո ուժ է գործադրվել: Այս մասին հայտարարեց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը:
«Սրա պատասխանը պետք է տան թե՛ իրավապահ մարմինները, թե՛ պատասխանատու անձինք, ովքեր զբաղեցնում են հանրային պաշտոններ ու նման վերաբերմունք են ցուցաբերում հայ երիտասարդի նկատմամբ: Երիտասարդների գործողությունները անօրինական չեն եղել: Եթե այսօրվա իշխանության այն ժամանակվա նման գործողությունները օրինական էին դիտվում, ինչո՞ւ պետք է հիմա իր ընդդիմախոսների գործողությունները անօրինական լինեն»,- նշեց Մինասյանը:
Խոսելով Արայիկ Հարությունյանի այն հայտարարության մասին, թե մեծ թվով քրեական գործեր կան, Արծվիկ Մինասյանը նշեց. «Իր լիազորությունները չգիտակցող մարդու հայտարարություններ է անում: Մարդ, եթե իր լիազորությունների մեջ լիներ, այսօր առնվազն երիտասարդների հետ հանդիպում պետք է ունենար: Արայիկ Հարությունյանի հայտարարութունները իրավիճակային են: Այսօրվա գործողություններից հետո նախարար անունը չպետք է տրվի նման վարքագիծ դրսևորող մարդու»:
Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։ Այնուհետև ոստիկանական ուժերը 24 անձի բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով: