Ռոբերտ Արզումանյանը prosportkz.kz-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելուն:
«Մեկ ամիս առաջ Հայաստանում սկանդալ տեղի ունեցավ՝ ֆեդերացիայի նախագահը Կասպարովին, Մովսիսյանին և ձեզ հեռացրել էր թիմից, ո՞վ է ստեղծված իրավիճակում ճիշտ, ո՞վ մեղավոր» հարցին Արզումանյանը պատասխանել է.
«Հայաստանում բոլոր գիտեն՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ սուտը: Իհարկե, ինձ համար շատ ցավալի է, քանի որ 11 տարի խաղացել եմ հավաքականում, միշտ ներդրել եմ ուժերս ավելի քան 100 տոկոս, երկրպագուները գիտեն, որ խաղացել եմ նաև ցավազրկմամբ: Հավաքականը յուրահատուկ դեպք է, դու խաղում ես հայրենիքի համար, այդ պատճառով էլ, բնականաբար, ցավալի է: Բայց ես ունեմ սկզբունքներ և մտադիր չեմ թույլ տալ, որ իմ մասին այդպիսի բաներ խոսեն, այդ պատճառով էլ նման որոշում կայացրի: Եվրո 2012-ի ընտրական փուլից հետո ուժեղ հավաքականների վերաբերմունքը մեր հանդեպ փոխվեց: Նախկինում Հայաստանը նրանց համար անհայտ հավաքական էր, նրանք մեզ չէին ճանաչում: Իսկ երբ մենք հաջող ելույթներ ունեցանք, սկսեցին մեզ ուսումնասիրել, այլևս այնքան էլ բաց ֆուտբոլ չէին խաղում մեզ հետ, սկսեցին զգուշանալ»:
Այն հարցին, թե արդյոք Մխիթարյանը վերջին տարիներին փոխվե՞լ է, Արզումանյանը նշել է. «Մարդկային տեսակետից ոչ մի կերպ չի փոխվել, միայն որպես խաղացող»:
Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին անդրադառնալիս՝ Արզումանյանը նշել է, որ Մինասյանը լավ մասնագետ է և լավ մարդ: