Հալեպում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը գնդակոծության է ենթարկվել, զոհեր և վիրավորներ չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ТАСС-ը' այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Ապրիլի 28-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին Հալեպում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության կառույցը հայտնվել է կրակահերթերի տակ»,-մեկնաբանել են նախարարությունից: «Արկերից մեկն ընկել է ռուսական դիվանագիտական առաքելության շենքի վրա, երեքից ավելին էլ' ցանկապատից դուրս: Նյութական վնասներն արդեն հաշվարկվել են»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: Համաձայն տեղեկությունների' հյուպատոսարանը գնդակոծվել է Ջաբհաթ ալ Նուսրա խմբավորման կողմից:

 

 

Անվտանգության նկատառումներից ելնելով' Հալեպում Ռուսաստանի հյուպատոսությունը դադարեցրել է իր գործունեությունը 2013 թվականի հունվարին և մասնակիորեն տեղափոխվել է Դամասկոս: Ներկայում դիվանագիտական առաքելությունը պահպանվում է սիրիական տեխնիկական անձնակազմի կողմից: