armnoc.am Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ազատ ոճային ըմբիշ Գեորգի Կետոևը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց Հայաստանի հավաքական տեղափոխվելու, Օլիմպիական խաղերի սպասելիքների և առաջիկա պլանների մասին:
-Գեորգի, բարի գալուստ Հայաստան և շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Կցանկանայի, որ պատմես այս 2-3 տարիների մասին, քանի որ քեզ ասպարեզում չէինք տեսնում: Ինչո՞վ էիր զբաղված:
-Ես շուրջ երեք տարի չեմ մասնակցել մրցաշարերի, սակայն ամեն օր մարզվել եմ: Չեմ պատկերացնում կյանքս առանց ըմբշամարտի: Ինձ համար սա միայն սպորտ չէ: Ես հաճույք եմ ստանում մարզվելուց, գոտեմարտելուց և, իհարկե, հաղթելուց: Դա ինձ համար իսկապես գերագույն հաճույք է:
-Պեկինի Օլիպիական խաղերի ժամանակ գրեթե բոլորը հավատում էին քո հաղթանակին: Մասնագետների կարծիքով՝ խնդիրը քո քաշն էր: Ըստ քեզ, դա՞ էր պատճառը:
-Ոչ, քաշ գցելը չէր կարող պարտության պատճառ դառնալ: Պարզապես այդ հաղթանակը ինձ չտրվեց Աստծո կողմից: Հիմա, երբ հետ եմ նայում՝ հնարավոր էր հաղթել այդ գոտեմարտը, սակայն կրկին հանգում եմ նույն եզրակացությանը՝ Աստված չտվեց ինձ դա: Սա սպորտ է և պարտությունների հետ ժամանակի ընթացքում համակերպվում ես:
-Հիմնականում ներկայացել ես 84 կգ քաշային կարգում, ինչպե՞ս ես քեզ զգում 97 կգ-ում:
-Լավ եմ զգում: Կարծում եմ, որ քրտնաջան մարզումները ինձ կօգնեն հնարավորինս լավ մարզավիճակ ձեռք բերել:
-Երկար դադարից հետո մասնակցեցիր մրցաշարի, ձեռք բերեցիր ուղեգիր և ոսկե մեդալակիր դարձար: Ինչպե՞ս դա քեզ հաջողվեց:
-Չգիտեմ, անկեղծ եմ ասում: Այնտեղ, որտեղ ես եմ մարզվում ըմբշամարտի լավ դպրոց կա և լավ մարզավիճակ ձեռք բերելու հրաշալի պայմաններ (խմբ. Վլադիկովկաս): Բացի այդ, երևի այն փորձն էր, որ ունեի: Մրցաշարի մեկնելուց վստահ էի, որ ուղեգիր ձեռք կբերեմ, սակայն չէի կարծում, որ կհաղթեմ:
-Հայաստանի հավաքականի տղաների հետ արդեն ծանոթացե՞լ ես: Հասցրե՞լ ես այստեղ մարզվել:
-Իհարկե: Ես օտարություն չեմ զգում այստեղ: Բոլորին էլ ճանաչում էի մինչև Հայաստանի հավաքականին միանալը: Մենք ըմբշամարտի ընտանիքի անդամներ ենք և բոլորիս մեջ այդ հարազատության զգացումը կա: 3 տարի չեմ եղել ասպարեզում, սակայն այնպես ընդունեցին ինձ, կարծես թե իմ տանն էի: Դեռ չեմ մարզվել: Հավաքներից կսկսենք:
-Բացի Հայաստանից, ուրիշ պետություններ հետաքրքրվե՞լ են քեզանով:
-Այո, եղել են առաջարկներ, սակայն ես ցանկանում էի հենց Հայաստանի հավաքականին միանալ, քանի որ մենք քրիստոնյա եղբայր ազգեր ենք և ինձ այստեղ տանն եմ զգում:
-Մինչև Օլիմպիական խաղերը, ի՞նչ մրցաշարերի ես մասնակցելու:
-Կարծում եմ՝ մինչ այդ ևս երկու մեկնարկ կունենամ: Մեկը Իտալիայում, մյուսը՝ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարում:
-Ի՞նչ կասես մրցակիցներիդ մասին, ովքեր արդեն Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն:
-Բոլորի հետ գոտեմարտել եմ և ճանաչում եմ նրանց:
-Իսկ, Ռիոյի Օլիմպիական խաղերից ի՞նչ ակնկալիքներ ունես:
-Աստծո կամոք՝ Ռիոյում կբարձրացնենք մեր եռագույնը (ժպտում է): Ռիո եմ գնում միայն մեդալի հետևից: Ցանկացած մարզիկ, ով մասնակցում է Օլիմպիական խաղերին, երազում է հաղթանակի մասին: Ավել ոչինչ չեմ կարող ասել: Երբեք չեմ էլ ասել: Անգամ 2007-2008 թվականներին, երբ բոլորն ինձ ասում էին. «դու ես չեմպիոնը, վստահ ենք», ես լռում էի: Այստեղ մի ճշտմարտություն կա՝ գորգը ցույց կտա: