ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ -ի հացաթխման արտադրամասի արդեն նախկին պետ Արսեն Հովհաննիսյանը հավանաբար մտածել է, որ իր զբաղեցրած պաշտոնն ամենահարմարն է դատապարտյալներին արգելված առարկաներ և այլ իրեր փոխանցելու համար:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ նա աշխատելով հիշյալ պաշտոնում, արգելված առարկաներ, այլ իրեր և սննդամթերք է փոխանցել դատապարտյալներ Օրդյանին կամ Գարեգին Սիմոնյանին, ապա ստացել խոստացված վարձատրությունը, որով պետության շահերին պատճառել է էական վնաս:
Բացի վերը նշվածից, ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Հովհաննիսյանն օժանդակել է առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելուն:
Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Ռոբերտ Օրդյանին այն բանի համար, որ նա ազատազրկման ձևով պատիժ կրելով «Գորիս» ՔԿՀ-ում, վերցրել է արգելված իրեր, դրդել Արսեն Հովհաննիսյանին, որպեսզի նա օժանդակի, առանց իրացման նպատակի, խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելուն:
Տվյալ քր. գործով մյուս մեղադրյալը Կարապետ Հովհաննիսյանն է: Համաձայն մեղադրական եզրակացության, նա ազատազրկման ձևով պատիժ կրելով հիշյալ քրեակատարողական հիմնարկում, վերցրել է արգելված իրեր, նույնպես դրդել Արսեն Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս օժանդակի, առանց իրացման նպատակի, խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելուն:
Վերը նշված արարքների համար Արսեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասի և 38-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելը) 2-րդ մասի 2-րդ կետի, իսկ Ռոբերտ Օրդյանին և Կարապետ Հովհաննիսյանին' 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելը) 1-ին մասի և 38-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելուն դրդելը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Արսեն Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: