Այսօր կարելի է ասել գրեթե սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ուշագրավ է, որ նրա այս հայտարարությունը կամ հայտարարության ամենակարևոր մասը չի նկատվել հայաստանյան ԶԼՄ-ների մեծ մասի կողմից, որոնք զբաղված են հակառուսական հիստերիան գնալով բորբոքելու գործով: Մինչդեռ, ինչպես և սպասելի էր նման հայտարարության պարագայում, Ադրբեջանն այն ընդունել է սվիններով և իր ԶԼՄ-ների միջոցով արդեն սկսել հարձակումները ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի դեմ: Եվ, ուրեմն, ինչ է ասել տիկին Զախարովան:

 

 

Այսօր պատասխանելով ղարաբաղյան կարգավորման վրա Երևանի կողմից ԼՂՀ հնարավոր միակողմանի ճանաչման ազդեցության վերաբերյալ «Вестник Кавказа»-ի («Կովկասի բանբեր»-ի) թղթակցի հարցին, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան նախ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է լուծվի քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այդպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը: Սա, անշուշտ, ինչ-որ արտառոց կամ նոր դիրքորոշում չէ, Ռուսաստանը կողմերին խաղաղության և հրադադարի պայմանավորվածությունը հարգելու անհրաժեշտության կոչեր անելով, իր այս դիրքորոշումը նախկինում էլ բազմիցս հայտնել ու շարունակաբար հայտնում է: Գրեթե սենսացիոնը դրան հաջորդած Մարիա Զախարովայի հայտարարությունն է.

 

 

«Ցանկանում եմ հիշեցնել, որ լեռնային-ղարաբաղյան կարգավորման սկզբունքների թվում, որոնք պարունակվում էին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարությունների մեջ' արված 2009-ից 2013 թվականների ընթացքում, հիշեցվում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

 

 

Կեցցեք, տիկին Զախարովա, վերջապես արդարությունը բարբառեցիք, վաղուց պետք է այսպես խոսեիք: Ինչպես ակնհայտ է, նրա հայտարարության մեջ որևէ խոսք չկա ո՛չ տարածքների հանձնման կամ Ադրբեջանի տարածքային անձեռնմխելիության սկզբունքի, ո՛չ էլ փախստականների վերադարձի մասին, ինչով, ի դեպ, Բաքուն հույս ունի փոխել Արցախի ժողովրդագրական իրավիճակը: Հենց սա էլ Ադրբեջանում արդեն սկսել է կատաղության տեղիք տալ, որովհետև մի բան է, երբ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման միջազգային հայտնի սկզբունքներից միայն մեկի մասին արտահայտվում է ինչ-որ լրագրող, քաղաքագետ կամ քաղաքական գործիչ, և բոլորովին այլ բան, երբ դրանցից մյուսների մասին չխոսելով, իրավաբանորեն պարտադիր կամարտահայտության հիման վրա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահող երկրի' ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Սա արդեն դիվանագիտություն է, իսկ դիվանագիտության մեջ դժվար թե նման պատահականություն, պատահական բացթողում լինի:




Հավելենք, որ Մարիա Զախարովան նաև հաստատել է այդ նպատակի իրականացման համար կողմերին միջազգային միջնորդների թվում, համանախագահող այլ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Ռուսաստանի պատրաստակամությունը:

 

 

Արթուր Հովհաննիսյան