Այն, որ Հայսստանի կառավարությունը երբեք էլ չի փայլել իր մտքի սրությամբ ու տված խոստումները պատշաճ կերպով ի կատար ածելու անհրաժեշտ ունակությամբ, հայտնի իրողություն է. որպես կանոն՝ ասվում է մեկ բան, բայց արվում միանգամայն հակառակը: Ցավոք, այս գործելաոճը Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող կառավարությանը բնորոշ է ոչ միայն տնտեսական ծրագրեր մշակելիս ու դրանք իրականացնելիս, այլև այնպիսի կենցաղային հարցրում, ինչպիսին, օրինակ, ճանապարհային երթևեկությունն է:

 

 

Աբրահամյանի ենթականերն երբեմն այնպիսի օրենքներ են ընդունում ու հետո էլ հերոսաբար չեղարկում, որ հաճախ տպավորություն է ստեղծվում, թե ցանկանում են արհեստականորեն հերոսանալ՝ իբր նախկին, բայց էլի իրենց իսկ կողմից ընդունած օրենքը չեղարկելով, նորը հորինելով, բայց հետո էլ այդ նոր հորինածը էլի թերակատարելով:



Կհարցնեք՝ ինչի՞ մասին է խոսքը, ասենք՝ դիցուք Հայաստանում ռուսական ավտոմեքենաներից ասենք20 000 դրամի չափով ճանապարհավճար գանձելու արատավոր պրակտիկայի: Կհիշեք, հավանաբար, որ ոչ վաղ անցյալում բավական մեծ աղմուկ էր հանել այս անհասկանալի պրակտիկան, ու անգամ շրջանառվում էին կարծիքներ, թե կառավարությունում հատուկ են նման մարազմատիկ կանոն մշակել՝ ունենալով հեռուն գնացող նպատակներ: Տեսնելով, որ հասարակության շրջանում շատանում են նեգատիվ արձագանքներն այս օրենքի վերաբերյալ, կառավարությունն ի լուր ողջ հանրության հայտարարեց, թե իբր վերացնելու են այդ անհասկանալի օրենքն ու այլևս ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծելու ռուսական համարանիշներ ունեցող մեքենաների սեփականատերերի համար:

 

 

Բայց ինչպես գրեթե միշտ է Հայաստանում պատահում, այս անգամ ևս ոմանք այդպես էլ չկարողացան սեփական խոսքը ներդաշնակորեն զուգակցել համապատասխան վարքով, ու այս պախարակելի երևույթը կրկին շարունակում է մնալ մեր կյանքի անքակտելի մասնիկը՝ կրկին.ճանապարհավճարների գանձումը շարունակվում է՝ հակառակ նույն բարեկամ Ռուսաստանի, ուր նույն հայկական մեքենաներից ոչ մի գումար էլ չեն գանձում, ու մարդիկ ազատորեն ելումուտ են անում ռազմավարական դաշնակցի տարածք: Հետո էլ ամեն պատեհ կամ անպատեհ առիթով սիրում ենք ռուսների վրա «մուննաթ» գալ, տրտնջալ, թե մեզ «լավ աչքով» չեն նայում. հետաքրքիր է՝ Ռուսաստանի քաղաքացին ի՞նչ պետք է մտածի հայկական պետության մասին, երբ առաջին բանը, որ Հայաստանում բախվում է, 20000 դրամ ճանապարհավճարն է…

 

 

Հուսանք, որ այս խնդիրը մոտ ապագայում կկարգավորվի, ու ռազմավարական գործընկերոջ պետհամարանիշներ կրող մեքենաների տերերը ևս ազատորեն, առանց ավելորդ ֆինանսական պարտավորությունների կկարողանան երթևեկել Հայաստանի բանուկ փողոցներով. մարդկանցից ճանապարհավճար գանձելը ամենևին էլ բարեկամական ժեստ չէ…

 

 

Դավիթ Բաբանով