1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի պահպանումը կողմերի միջազգային պարտավորությունն է, իսկ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը այդ միջազգային պարտավորության կոպիտ ոտնահարում է և ագրեսիայի բացահայտ դրսևորում: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը' «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով զինադադարի կնքման համաձայնագրի 22-ամյակին ընդառաջ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:
- Պարոն Քոչարյան, այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված զինադադարի համաձայնագրի 22-ամյակը: Այդ կոնտեքստում ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:
- Նախ արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքումը հնարավոր դարձավ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց ուղղակի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Սա ապացույց է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում:
Արձանագրենք նաև, որ 1994թ. զինադադարի պահպանումը հանդիսանում է կողմերի միջազգային պարտավորությունը, իսկ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը նաև այդ միջազգային պարտավորության կոպիտ ոտնահարում է և ագրեսիայի բացահայտ դրսևորում:
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորին ապացուցեց, որ անցած 22 տարիների ընթացքում Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող սպառազինվելու և ռազմական ուղիով խնդիրը լուծելու համար, ինչը և հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման հիմնական պատճառն էր:
Միանգամայն հասկանալի են Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերն անշեղորեն պահպանել և ամրապնդել 1994թ. եռակողմ համաձայնագրով հաստատված զինադադարը՝ որպես խաղաղ բանակցային գործընթացի հիմք: