Բոլոր վիրավոր զինծառայողներն առաջին իսկ օրվանից եղել են Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում: Գրեթե բոլորին անձամբ նախարարն այցելել է՝ թե՛ Մարտակերտի հոսպիտալում, թե՛ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում, և՛ հիվանդանոցում, և՛ տարբեր այլ բժշկական կենտրոններում:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ՝ այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և վիրավոր զինվորների առողջական տվյալների մասին որոշ տեղեկություններ հաղորդեց:

 

Նախարարի խոսքով՝ բոլոր մեր զինծառայողները եղել են ամենալուրջ բժշկական վերահսկողությամբ շրջապատված, հատկապես առանձնահատուկ տեղ են տվել ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղաներին:

 

«Այսօր մենք մի քանի տղաների տեղափոխել ենք Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն, որտեղ առանձնահատուկ հաջողություններ են գրանցվում: Մասնավորապես, Հայկը, ով գլխուղեղի ներթափանցող վնասվածք ուներ, ես անձամբ նրա հետ քայլել եմ, և  մյուս տղան ևս խոստացավ, որ մոտ չորս շաբաթից կփորձի ոտքի կանգնել: Ես կուզեի, որ թերահավատություն չլիներ հայկական բժշկության նկատմամբ, հաշվի առեք, որ այս քառօրյա պատերազմի ընթացքում նվազագույն սանիտարական կորուստներ ենք ունեցել՝ հաշվի առնելով, որ բժշկական անձնակազմը եղել է տղաների կողքին»,- ասաց նախարարը:

 

Ինչ վերաբերում է ծնողներին, նախարարի տեղեկացմամբ, վերջին օրերին գրեթե ամեն օր հանդիպում է ունեցել նրանց հետ: Երեկ ուշ գիշերին վիրավոր Ռուբենի և Արմանի ծնողների հետ քննարկել են տղաների առողջական վիճակը: Հատկապես քննարկվել է այն հարցը, թե արդյոք նրանք պատրա՞ստ են տեղափոխվել և արդյոք Հայաստանում սպառվա՞ծ են բուժօգնություն ցուցաբերելու բոլոր ռեսուրսները:

 

«Մենք այս հարցում չենք կարող զերծ լինել հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք: Շատ սթափ քննարկում ծավալեցինք, և իրենք էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր է բուժման այն եղանակները, որը իրենք տեսնում են արտերկրում: Ծնողները հասկանալով, որ Հայաստանում այդ հնարավորությունը կա, սակայն ցանկություն են հայտնում ամեն դեպքում տեղափոխել: Մեր աշխատանքն այստեղ կլինի ամբողջ ընթացակարգը կարգավորել, լոգիստիկ մեթոդաբանությունն ամբողջը վերցնել մեզ վրա` անկախ նրանից հրաժարվում են այստեղ շարունակելուց, բայց մենք պարտավորություն ենք զգում, և այդ աշխատանքները շարունակելու ենք իրենց հետ կազմակերպել»,- ասաց Մուրադյանը:

 

Տեղեկացրեց նաև, որ աշխատանքները կազմակերպվելու են նաև բարերարների հետ: Այսօր երկու զինվորների ծնողներն ունեն հնարավորություն արտերկիր տեղափոխման, բայց հարցն այն է, եթե զինծառայողը ջերմություն ունի, թթվածնից կախվածություն ունեն ինչպես պետք է տեղափոխությունը կազմակերպվի, ինչը բավականին ռիսկային է:

 

Նշենք, որ արտասահմանում բուժօգնությունը շարունակելու վերաբերյալ կառավարության որոշումը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ այդ վիրահատությունը և բուժման եղանակը բացակայում է Հայաստանում: