Պատերազմի ժամանակ անհետ կորած զինծառայողերի ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց: Նրանք պահանջում են հանդիպում Օնիկ Գասպարյանի ու Դավիթ Տոնոյանի հետ:

«50 օրը լրացավ, ո՞վ է իմ երեխու համար պատասխան տալու: 50 օր է՝ իմ երեխան չկա: Էսքան խաբել կլինի՞ ժողովրդին: Երկու ամիս ա՝ գնում գալիս եմ, զինվոր եմ տվել, 4 օր չներկայացավ, Ռազմականով եկան, գյուղից տարան: Բայց հիմա տեղեկություն չեմ կարողանում ստանալ իմ երեխուց», - բղավում էր անհետ կորած զինծառայողի մայրը:

Նրան խնդրեցին ցածր խոսել, ինչն ավելի բորբոքեց ծնողներին:

«Այ էդ մի նկատողությունը էլ չանեք, պարոն գնդապետ: Մյուս անգամ ոչ մի ծնողի այդ նկատողությունը չանեք՝ կամաց խոսեք, վրդովված մի խոսեք… Այստեղ բոլորը որդեկորույս ծնողներ են, իրավունք ունեն բարձր խոսելու», - ասաց ցուցարարներից մեկը: