ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն 21-ամյա Գուրգեն Արսենյանին կալանավորելու դատարանի որոշումը կբողոքարկվի:

 

 

Այս մասին քիչ առաջ մեր զրույցում ասաց պատգամավորը: Վերջինս մեր զրույցում նշեց, որ Երեւանի գիշերային ակումբներից մեկում որդին ընկերների հետ վիճաբանել է երեք անձանց հետ. «Սովորական վիճաբանություն է»,-ասաց նա՝ հավելելով, որ որդին չի խուսափում վարույթն իրականացնող մարմնից. «Ինքն արտերկրում էր, զանգել զգուշացրել էր քննչական մարմիններին եւ նաեւ ֆաքս էր ուղարկել, որ այսինչ օրը ես գալիս եմ: Նշված օրն ինքը եկել է, սահմանին ձերբակալվել: Հանկարծ չմտածեն, որ նա խուսափել է»,-մանրամասնեց Արսենյանը:

 

 

Պատգամավորը տեղեկացրեց, որ համապատասխան միջոցառումներ կձեռնարկեն՝ իրավական պաշտպանություն իրականանցնելու համար.

 

 

«Նախաքննական մարմինը խուլիգանության 4-րդ մասով մեղադրանք է առաջադրում, իսկ մենք գիտենք, որ այդ վիճաբանությունը խուլիգանական չի եղել, եղել է վիճաբանություն իրար վիրավորելու համար: Օրենքով մեզ ընձեռնված բոլոր հնարավորությունները կօգտագործենք, որպեսզի մեր տեսակետն ապացուցենք, մենք կարծում ենք, որ այս վիճաբանությունը նման հոդվածի բան չէ»,-ասաց նա: Մեր հարցին ի պատասխան Արսենյանն ասաց, որ քրեական գործի շրջանակներում իր տեղեկություններով այս պահի դրությամբ միայն իր որդին է կալանավորված: «Մեզ այս որոշումներն էր պետք որպեսզի սկսենք իրավական գործողությունների շարք»,-եզրափակեց Արսենյանը:

 

 

Աղբյուրը`armtimes.com