Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ադրբեջանական կողմը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
«Պետական սահմանագոտու հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված դիպուկահար կրակոցից մայիսի 14-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն' մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավային ուղղությամբ, որի ընթացքում ադրբեջանական զինուժը կիրառել է հետևակի մարտական մեքենա'(4 կրակոց) և ՀԱՆ-17 (79 արկ) տիպի նռնականետ:
Զինված ուժերի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարատավարական իրադրությանը սահմանագոտու ամբողջ երկայնքով և շարունակում վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրը»: