«Մորմոններ» աղանդի (պաշտոնական անվանումը' «Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի») Հրազդան քաղաքի մասնաճյուղի գործող ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԼՈՒՐԵՐ.com-ին հասած հավաստի տեղեկատվության համաձայն, թույլ է տվել ֆինանսական չարաշահումներ, ինչի պատճառով առաջիկայում, ամենայն հավանականությամբ, ազատվելու է զբաղեցրած պաշտոնից:
Ավելին՝ ըստ տեղեկատվության մեր աղբյուրի՝ նույն մասնաճյուղի նախկին ղեկավար Գագիկ Հակոբյանը, չարաշահելով իր զբաղեցրած դիրքը, նախորդ երկու տարվա ընթացքում կազմակերպության մի շարք մասնաճյուղերի ղեկավարներից և հավատակիցներից, այդ թվում նաև՝ Չարենցավանի մասնաճյուղի ղեկավար Արմեն Հովսեփյանից, վերցրել է ընդհանուր առմամբ մոտ քառասուն միլիոն դրամ՝ հետագայում վերադարձնելու պայմանով, սակայն չի վերադարձրել և անցյալ տարի սեպտեմբերին մեկնել է Հայաստանի Հանրապետությունից:
Այս փաստը, սակայն, զարմանքի տեղիք չի տալիս ու չի զարմացնի, եթե հետագայում նույնիսկ պարզվի, որ Գագիկ Հակոբյանը ոչ թե անվճարունակ է եղել, այլ իր հավատակիցներին խարդախությամբ պարզապես գցել է:
Հիշենք, որ «Մորմոններ» աղանդի հիմնադիր Ջոզեֆ Սմիթն ունեցել է քրեական անցյալ, մասնավորապես՝ 1826 թ. դատվել է հենց խաբեությամբ փող կորզելու համար: Հիշենք նաև, թե նա ընդհանրապես ով է եղել: Բարձրագույն կրթություն չի ստացել, գրել է միայն շատ պարզունակ դարձվածքներ, այն էլ՝ կոպիտ սխալներով, կարողացել է կարդալ շատ մեծ դժվարությամբ: Ժամանակակիցները Ջ. Սմիթի ընտանիքը բնորոշել են այնպիսի բարոյական հատկանիշներից զուրկ, որոնցով սովորաբար արժանանում են հասարակության վստահությանը: