Այն օրվանից, երբ վարչապետ Աբրահամյանը ի լուր աշխարհի ավետեց Հայաստանում կոռուպցիայի ու ամենաթողության դեմ պայքարի սկիզբը, հայկական հասարակությանը սկսեց տանջել, ալեկոծել մի հարց' ի՞նչ նկատի ունի Հովիկ Աբրահամյանը, երբ ասում է' պայքարելու ենք կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ և հատկապես ինչպե՞ս է նա դա անելու: Համաձայնե՛ք' սրանք հարցեր են, որոնց պատասխանից է, խոշոր հաշվով, կախված լինելու բոլորիս հետագա ճակատագիրը, կախված է լինելու Հայստանի ապագան' ընդհանրապես: Ինչպես պարզվեց, սակայն, հնչող այն կարծիքները, թե Աբրահամյանի խոսքը մի նոր սկիզբ է դառնալու Հայաստանի նորանկախ պատմության մեջ ու մենք' ձեզ հետ միասին, ականատես ենք լինելու ներքին կյանքում դարակազմիկ փոփոխությունների, սին դուրս եկան, առասպել, որը ցրելու համար, պարզվում է, պահաջնվեց ընդամենը մի քանի օր. վարչապետ Աբրահամյանի հատուկ հանձնարարությամբ օրերս համապատասխան ստուգումներ են անցկացվել ջրօգտագործողների ընկերություններում, որոնցում հայտնաբերվել են այնպիսի չարաշահումներ, որոնք խիստ թանկ են նստել դրանց պետերի վրա.նրանցից շատերը պաշտոնազրկվել են:
Իհարկե, այստեղ որևիցե տարօրինակ ու պախարակելի բան չէր լինի, եթե չլիներ մի փոքր, բայց բավական խոսուն նյուանս. նույն այդ ստուգումների արդյունքում, օրինակ, բոլորիս համար անակնկալ կերպով պարզվում է, որ Մխչյանի և Ազատի ՋՕԸ-ներում, որի ղեկավարն Արման Գևորգյանն է՝ վարչապետի վարորդի՝ Գոքորի եղբորորդին, կատարած ուսումնասիրությունները որևիցե խախտում չեն հայտնաբերել, և ամեն բան այստեղ «իդեալական» է եղել' «համապատասխան» ասենք շվեյցարական ստանդարտներին. մինչ մյուսները դիմակազերծվում ու պատժվում են, պարզվում է, Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորորդին միայն գովասանքների է արժանանում ու ակամա դառնում յուրատեսակ էտալոն' ՋՕԵ-ների ղեկավարների համար:
Դե հիմա ասե՛ք' ի՞նչ է սա, եթե ոչ պարզագույն ծաղր' ուղղված հասարակությանը, պետությանն ու նույն կոռուպցիայի դեմ պայքարին. պարզվում է' մեր երկրում արտոնյալների դասին կարող են պատկանել ոչ միայն էլիտայի զավակներն ու հեռու հարազատները, այլև դրան սպասարկող անձնակազմի արյունակիցները' ասենք թոռները, բաջանաղի հորեղբոր քենիները, հարևանի տատու խնամակալները, տատմերերի խնամիները… Ահա և ձեզ ողջ ճշմարտությունը' Հայաստանում կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ պայքարի մասին պատմող ասքերի մասին: Եթե այսպես պետք է պայքարեն կոռուպցիայի դեմ, համաձայնե՛ք' ավելի լավ է' չպայքարեն. ո՞ւմ է պետք սելեկցիոն պայքարը մի պարագայում, երբ այն վերածվելու է իսկական կլոունադայի, իսկ հասարակության շրջանում աննախադեպ տարածում գտած հիասթափությունն է՛լ ավելի է խորանալու. երևում է' միայն պաշտոնյաների վարորդների եղբորորդիներին…
Դավիթ Բաբանով