Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Սերժ Սարգսյանը Վիեննայից վերադառնալուց հետո հրահանգել է Արցախի դիրքերում գտնվող կամավորականներին վերադառնալ Հայաստան, քանի որ ընթանում են բանակցություններ, և իրավիճակը հարաբերական հանգիստ է։ Երեկ Արցախից վերադարձել են նաև ոստիկանության ծառայողները, ովքեր այս օրերին տարբեր հերթափոխով մեկնում էին առաջնագիծ։ Դժվար չէ հասկանալ, որ նրանք ևս վերադարձել են Սերժ Սարգսյանի հրահանգով։
ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության մեկ այլ խումբ առաջիկա օրերին պետք է մեկներ առաջնագիծ, սակայն Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Վիեննայում կայացած հանդիպումներից հետո նրանց մեկնումը ևս չեղյալ է հայտարարվել։
Թե ինչքանով է այս որոշումն արդարացված, և արդյոք հայկական կողմը հավատացե՞լ է Ադրբեջանի հավաստիացումներին՝ հրադադարը պահպանելու վերաբերյալ, դժվար է ասել։ Բայց մի բան հստակ է՝ ժամանակը բազմիցս ապացուցել է, որ ադրբեջանական կողմը երբեք էլ իր խոսքի տերը չի եղել, և հրադադարի պահպանումը բնավ Ադրբեջանին ձեռնտու չէ։ Մնում է հուսալ, որ առաջնագծից կամավորականների հետկանչումը այլ նպատակներ չի հետապնդում։
Նշենք, որ ԼՂՀ ՊԲ-ի փոխանցմամբ՝ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել:
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Ք. Աղալարյան