Գառնի համայնքի բնակիչներն այսօր կրկին փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը: Նրանք շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից: «Մենք ճանապարհը չենք բացի, քանի դեռ մեր պահանջը չի կատարվել»,- ասում են գառնեցիները։

 

Այդ ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղեր, որտեղ, գառնեցիների խոսքով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի և մի շարք այլ օլիգարխներին պատկանող այգիներն են: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ազատ գետում այս պահին աշխատանք է իրականացնում թվով 6 տեխնիկա, նախկին 3-ի փոխարեն։ 

 

Գառնեցիներն սպառնում են ամենօրյա բողոքի ակցիաներ իրականացնել, եթե Ազատ գետը հանգիստ չթողնեն։ Նրանց սատարում են նաև Երևանից այնտեղ մեկնած բնապահպանններ, ակտիվիստներ, ովքեր ևս դեմ են այս ծրագրի իրականացմանը։ 

 

Քիչ առաջ գառնեցիների հետ զրուցում էր Կոտայքի մարզային վարչության պետ Լայերտ Գրիգորյանը, ով փորձում էր համոզել բացել ճանապարհի գոնե մի հատվածը, որպեսզի զբոսաշրջիկները, հյուրերը կարողանան մուտք գործել Գառնի։ Սակայն, գառնեցիները մերժեցին պաշտոնյային՝ կրկին պահանջելով այդ ծրագրի ամբողջական չեղարկում։