Մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, Կենտրոնական կոմիտեի իրավաքաղաքական հանձնաժողովի քարտուղար Մըն Ձիենճուի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ՉԺՀ հասարակական անվտանգության նախարարության միջև 2015 թվականի մարտի 25-ին Պեկինում կնքված համաձայնագրի շրջանակում զգալի աշխատանք է կատարվում հանցագործությունների կանխարգելման և խափանման ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ:
Մըն Ձիենճուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և հավաստեց, որ Չինաստանի և Հայաստանի իրավապահների փոխգործակցությունը շարունակելու է խորանալ և ընդլայնվել, քանի որ ընդգրկուն են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտները, մասնավորապես, հասարակական կարգի ապահովման, կիբերհանցավորության, անօրինական միգրացիայի և մարդկանց առևտրի, ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով:
Ներկայացնելով Հայաստանի ոստիկանությունում ընթացող և համակարգի արդիականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքները՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ տեղեկատվության ու փորձի փոխանակումը արդյունավետ կլինեն տեղեկատվական անվտանգության ապահովման, փորձաքրեագիտական հետազոտությունների և փորձաքննությունների, մասնագիտական դասընթացների ու վերապատրաստումների կազմակերպման և մի շարք այլ ոլորտներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: