Ի՞նչ է ենթադրում կոռուպցիայի, մենաշնորհների, ամենաթողության, լպիրշության ու էլի նման փիս-փիս բաների դեմ պայքարը Հայաստանում: Ցավոք, բացառապես օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ բոլորը չեն, որ կարող են այս հարցի ճշգրիտ պատասխանը մեզ տալ:Ոմանց համար այս ամենի դեմ պայքարը ենթադրում է կոնկրետ ձերբակալություններ, ոմանք այն ընկալում են խստագույն ու ոչ երկակի մեկնաբանությունների տեղիք տվող օրենքների սահմանման տեսքով, իսկ ահա ՀՀ կառավարությունն այս հարցին նայում է՝ բացառապես իրեն հատուկ փիլիսոփայությունից ելնելով՝ մի քանի տասնյակ «պադավատներ» կրճատելու դիտակետից:
Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարել էր, որ կառավարությունն սկսում է անզիջում պայքար այն բոլոր բացասական երևույթների դեմ, որոնք վերջին մի քանի տասնամյակում խեղդում են երկիրը ներսից ու թույլ չեն տալիս տնտեսությանը շնչել: Որպես այդ պայքարում առաջին քայլ կառավարությունը հայտարարեց՝ ի կրճատում պետական ծախսերի՝ պլանավորվում է ծառայողական ավտոմեքենաների թվի կրճատում՝ 797 մեքենայի չափով. մենք էլ ուրախացել էինք, թե հարկատուներիս հաշվին ֆինանսավորվող այդքան մեքենա շուտով կհանվի շրջանառությունից, ու պետական բյուջեի՝ ազատ մնացած փողերն էլ կուղղվեն կենսական խնդիրների լուծմանը. ուրախություններս, սակայն, կարճ տևեց և ահա թե ինչու. պարզվում է՝ հայտարարած 797 մեքենայից միայն 107-ն են ծառայողական, իսկ մնացած 690 մեքենաները պատկանում են ՊՈԱԿ-ներին, ՓԲԸ-ներին և հիմնադրամներին. փաստացի առկա 1072 մեքենաներից կրճատվելու են ընդամենը 107-ը. աչքակապոցին ակնհայտ է, այնպես չէ՞…
Իհարկե, թե կոռուպցիայի, կաշառակերության, ամենաթողության, մոնոպոլիաների և այլնի դեմ պայքարի գործը որքանով է շահելու 107 մեքենայի կրճատումից, դեռևս այնքան էլ հասկանալի չէ, բայց որ այս ամենը կառավարության PR-ն անելու համար հրաշալի գործիք կարող էր ծառայել, երևում է՝ կառավարությունում հասկացել էին դեռևս շատ վաղուց.համաձայնե՛ք՝ բանից անտեղյակ մարդկանց համար 797 թիվը կարող է բավական տպավորիչ լինել, որի հիմքում, սակայն, կատարյալ դատարկություն է. եթե նույնիսկ բոլոր մեքենաներն էլ կրճատվեն էլ, այդ ամենն այնքան չնչին է՝ մեր ունեցած ֆինանսական կորուստների հետ համեմատությամբ, որ ոչ մի էական բան մեր կյանքում չի կարող փոխվել, ոչ մի դրական տեղաշարժ էլ չի լինի, եթե բավարարվեն բացառապես մեքենաների հարցին «լուծում» տալով. խնդիրներին հիմնավոր լուծումներ են անհրաժեշտ, այլ ոչ թե շոուբիզնեսային…
Դավիթ Բաբանով