2018-ի պետական բյուջեն սոցիալական շեշտադրում բնավ չունի, ու եթե նույնիսկ ոմանք այս իրողությունն աբսուրդային են համարում, ստիպված ամրագրել, որ ամեն բան հենց այդպես է, որ կա: Որպես այս իրողության պատճառաբանություն հաճախ զանազան չինովնիկների կողմից բերվում է այն իրողությունը, որը հայտնի է բոլորին. պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք ու ուզած-չուզած ստիպված ենք փող տնտեսել արդիական զենք ձեռք բերելու համար: Մի խոսքով` հեռվից տպավորություն է ստեղծվում, որ այս կամ այն ոլորտից կրճատված յուրաքանչյուր լուման հայրենի կառավարությունը ներդնում է զենք ձեռք բերելու սրբազան գործի մեջ:
Պարզվում է` Տրանսպորտի և կապի նախարարությունը հանդես է եկել առաջարկությամբ, որպեսզի բյուջեում տեղ գտնի մի դրույթ, ըստ որի կնախատեսվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրվի սուբսիդիա. ընկերությունը իրականացրած ուղևորափոխադրումից շահույթ չի ստացել, աշխատել է վնասով: Նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին տրամադրել 308 մլն դրամի հասնող սուբսիդիա: Այսինքն` մոտ 700000 դոլար բյուջեից կտրելու են ու տան համապատասխան ՓԲԸ-ին:
Հարց է առաջանում` հայաստանցիներս մեր ո՞ր մեղքի համար պետք է մեր գրպաններից հարյուրավոր միլիոններ վճարենք մասնավոր ընկերության ծախսերը սուբսիդավորելու համար այն պարագայում, երբ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն, եթե չենք սխալվում, մասնավոր ընկերություն է ու պարտավոր է սեփական գործունեությունը ծավալել այնպես, որպեսզի ոչ թե բյուջեից փող տանի, այլ լցնի բյուջեն ու համակարգը խելքի բերի. ոլորտը մասնավորին հանձնելու ողջ իմաստն ու նպատակը հենց դրանում է կայանում, այնպես չէ՞:
Այնպես որ` երբ խոսք է գնում փող չլինելու մասին, երբ խոսք է գնում բյուջեի դիֆիցիտի մասին, տարօրինակ պետք չէ ընդունել այդ խոսակցությունները: Այլապես, ինչպես աշխատավարձ ու թոշակ բարձրացնեն, ինչպես բյուջեն սոցիալականացնեն, երբ այս կամ այն ոլորտից կրճատված փողն ուղղում են այս կամ այն մասնավորի գրպանը. մարդիկ այդպես են հարմար գտնում, ի՞նչ կարող ես անել…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ