Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքի քաղաքական վարկանիշը, դաշինք, որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իջել է մինչև 33 տոկոս, ինչը 8,5 տոկոսով պակաս է, քան Բունդեսթագի՝ 2013 թվականին կայացած վերջին ընտրությունների ժամանակ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրանք են Forsa ինստիտուտի հարցման հրապարակված արդյունքները:

 

 

Անցած շաբաթվա համեմատությամբ ՔԴՄ/ՔՍՄ-ի ժողովրդականությունը նվազել է 1 տոկոսով:

 

 

20 տոկոս ցուցանիշով վարկանիշի երկրորդ տեղում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, երրորդում՝ «կանաչները»՝ 14 տոկոսով: «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունից աջ պոպուլիստները վայելում են ընտրողների 12 տոկոսի, Ձախ կուսակցությունը՝ 9 տոկոսի աջակցությունը:

 

 

Ընդ որում՝ Մերկելին կառավարության ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել գերմանացիների 44 տոկոսը: Դա 2 տոկոսով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Այդուամենայնիվ, նրա ժողովրդականությունն զգալիորեն ավելի բարձր է, քան սոցիալ-դեմոկրատ Զիգմար Գաբրիելինը, որը վայելում է քաղաքացիների 15 տոկոսի աջակցությունը:

 

 

Ներկայումս Գերմանիայի կանցլերին քննադատում են այն բանի համար, որ նա իբր չի ցանկանում խստացնել դիրքորոշումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ: Էրդողանը, ինչպես կարծում են դիտորդները, հետևողականորեն խստացնում է ներքին քաղաքականությունը, բայց միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում իր դերակատարության շնորհիվ խուսափում է Մերկելի քննադատությունից:

 

 

Հարցմանը մասնակցել է 2006 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: