Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ վարչապետի գաղտնի որոշմամբ բարձրացվել են նաև մարզպետների աշխատավարձերը, էլ ավելի կարևոր է դառնում ամփոփել վերջիններիս՝ մեկ տարվա ընթացքում կատարած տքնաջան աշխատանքը և այդ աշխատանքի պտղուները, եթե դրանք առկա են իհարկե:
Մասնավորապես, ուշագրավ է, թե ինչով է այսքան ժամանակ զբաղված եղել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Մինչև մարզպետ նշանակվելը, Գրիգորյանին ոչ ոք չէր ճանաչում Արագածոտնի մարզում, բայց դա չխանգարեց, որ նորանշանակը ԱԺ ընտրություններում հավաքեր շուրջ 16 հազար 500 ձայն: Իհարկե, ինքը շնորհակալություն հայտնեց իր ընտրազանգվածին՝ մոռանալով, որ այդ մարդիկ ոչ թե իրեն, այլ Նիկոլ Փաշինյանին են ձայն տվել: Այս ընթացքում մամուլը բազմիցս անդրադարձել է այն կնճռոտ թեմային, որ պարգևավճարների հաշվին իբր բյուջեի խնայողություն անող Արագածոտնի մարզպետն անհարկի շռայլություններ է թույլ տալիս իրեն բենզինի դուրսգրման հարցում: Ավելին, նա ոչ միայն գերազանցել է մինչ օրս սահմանված չափերը, այլև կտրել է բոլորին հասանելիք կտրոնների բաշխումը, փոխարենը՝ եռապատկել է իր ծառայողական մեքենային հասանելիք բենզինի չափը, և սա այն դեպքում, երբ իր մեքենան, ասում են, հիմնականում կայանած է բակում, իսկ մյուսներինը շարունակ՝ տարբեր հանձնարարականներով, անընդհատ շարժման մեջ են՝ համայնքից համայնք: Չնայած՝ պաշտոնավարման ողջ ընթացքում մարզպետն էլ հանգիստ իր տեղում չի նստել:
Գևորգյանը բոլոր մարզպետներից ամենաշատն է սիրում գործուղումների մեկնելը, այլ հարց է, որ անգամ մարզպետարանի պաշտոնական կայքի նորություններ բաժնում արտացոլված չէ, թե ի՞նչ են մարզին տվել մարզպետի թանկանոց վոյաժները: Ինչ վերաբերվում է տնտեսական հեղափոխությանը, որը, ըստ մարզպետի, արդեն իսկ հասել է մարզ, ապա պետք է փաստել՝ թվերը լրիվ այլ իրողության մասին են խոսում: Ներդրումային բում մարզում չի գրանցվել և դժվար էլ գրանցվի, հաշվի առնելով, թե ինչ դանդաղ են մարզում առաջ գնում զարգացման ծրագրերը: Բացահայտումներ նույնպես չեղան, թեև սկզբում Գևորգյանը պնդում էր, որ հնարավոր է լինեն ցնցող բացահայտումներ, հետագայում հասկացել է իր սխալ հաշվարկը և որոշել է այդ թեմային ընդհանրապես չանդրադառնալ: Ի վերջո՝ մարզպետի աշխատանքի մասին լավագույն խոսում են GALLUP-ի անցկացված հարցման արդյունքները, որոնց համաձայն՝ Արագածոտնի մարզպետը իր ցածր ռեյտինգով զիջում է միայն արդեն իսկ հրաժարական տված Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին…