Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտեկրում հավատարմագրված ՀՀ դեսպանների գործունեությունը` այսօր կանդրադառնանք Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանին: Վերջինս նաև համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն է:

Իգիթյանի դեսպան նշանակվելու լուրերը բավական երկար ժամանակ էին պտտվում հայկական մամուլում: 2021-ին խոսվում էր այն մասին, որ թեեւ Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։ Ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 3-4-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա այնքան էլ հաջող չի անցել, եւ դեսպանից դժգոհություններ էին առկա: Ի տարբերություն նախկին նշանակումների` Իգիթյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունի. նա նախորդ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն էր։

Լիտվայում ՀՀ դեսպանատան պաշտոնական էջում դեսպանի գործունեության մասին տեղեկությունները այնքան սուղ են, որ վերջին ինֆորմացիան վերաբերվում է Իգիթյանի կողմից Լիտվայի նախագահին իր հավատարմագրերը հանձնելուն: Դա տեղի է ունեցել 2022 թվականի մայիսին և դրանից հետո որևէ լուր, որևէ ակտիվություն դեսպանատան պաշտոնական էջում չի նկատվում:

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Այս առումով պաշտոնական տեղեկությունները նույնպես բավական սուղ են: Հայտնի է միայն, որ  Իգիթյանը նախորդ տարվա ապրիլի 17-ին հանդիպել է Լիտվայի Կլայպեդա քաղաքի հայ համայնքի անդամների հետ: Քննարկվել են դեսպանություն-համայնք համագործակցության հեռանկարները:

Էստոնիայում ՀՀ դեսպանատան էջը իր հերթին առավելապես հիշեցնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի էջը, քանի որ այստեղ ևս չենք հանդիպում որևէ հիշատակոմ դեսպան Իգիթյանի բուռն աշխատանքային գործունեության մասին, միայն առանձին դրվագներ ՀՀ գեղատեսիլ վայրերից և, իհարկե, Երևանի ամանօրյա զարդարանքի մասին պատմող տեսանյութեր: Հիշեցնենք, որ Հովհաննես Իգիթյանն իր հավատարմագրերը Էստոնիայի նախագահին հանձնել է 2022- թվականի սեպտեմբերին: Այսինքն՝ հենց այն օրերին, երբ Հայաստանը դիմակայում էր ադրբեջանական հերթական ագրեսիային: Մինչդեռ հայտնի չէ, թե նույն էստոնական քաղաքական իսթեբլիշմենթի հետ այդ օրերին ինչ աշխատանք է տարել դեսպան Իգիթյանը՝ նրանց հայկական պետության տեսակետները փոխանցելու և գուցե նաև առնվազն քաղաքական հստակ գնահատականների տեսքով աջակցություն ստանալու համար: Հայտնի է միայն, որ Էստոնիայի նախագահին իր հավատարմագրերը հանձնելուց հետո կայացած զրույցի ընթացքում  դեսպանը կոչ է արել առավել թիրախավորված կերպով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ։ Սակայն ի՞նչ է արել ինքը՝ որպես դեսպան, որպեսզի այդ գնահատականներն իրականություն դառնան:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Այս առումով չկա որևէ հիշատակում, թե ինչ աշխատանք է տանում դեսպանատունը հայ առաքելական եկեղեցու թեմերի հետ աշխատանքը համակարգելու ուղղությամբ:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Թվում էր, թե դեսպան Իգիթյանի ձեռքում իրականում հսկայական ռեսուրս և գործիքակազմ է առկա՝ միանգամից երեք երկրների քաղաքական իսթեբլիշմենթի հետ ակտիվ աշխատելու հնարավորություն: Սակայն, պետք է փաստենք, որ մինչ այս պահը այդ հնարավորություններից Իգիթյանը չի օգտվել: Հավատարմագրերը հանձնելուց զատ, չկա որևէ հիշատակում քիչ թե շատ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների մասին: Սա վկայում է այն մասին, որ փաստացի դեսպանին չի հաջողվել մուտք գործել այս երկրների քաղաքական կուլուարներ և այստեղ վերջինիս այնքան էլ չեն ընդունում:

Դեսպանատան ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ քաղաքացիները ևս, մեղմ ասած, գոհ չեն դեսպանության կատարած աշխատանքի որակից :

Շարունակելի...