Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝  2001-2005թթ. աշխատել է Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, 2005-2007թթ.`  ՀՀ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության խորհրդական, 2007-2009թթ.` Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության խորհրդական, 2009-2010թթ.` ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ, 2010-2014թթ.` ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության Թուրքիայի բաժնի վարիչ (24.09.2012-17.02.2014թթ. - Սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող), 2014-2015թթ. ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետի պաշտոնակատար, 2015-2019թթ.` Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2019-2021թթ.` ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ, 2021թ. հոկտեմբերի 8-ից` Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան):

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Իրանի հայ համայնքը ամենակուռ հայկական համայնքներից մեկն է: 1992թ. հիմնվել է Իրան-Հայաստան առևտրական պալատը: Կան բազմաթիվ հասարակական - մասնագիտական միություններ ու կազմակերպություններ` բժիշկների, գրողների, իրավաբանների,  ճարտարագետների և այլն: 1995թ. Թեհրանի «Ազադ» համալսարանում գործում է հայագիտական բաժանմունքը: Կա հայկական ռադիոժամ: Իրանում գործում է Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, ինչպես նաև հասարակական-քաղաքական այլ կազմակերպություններ: Դեսպանատունը բավական ակտիվ համագործակցում է համայնքի հետ: Վերջերս Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում հազարավոր իրանահայերի մասնակցությամբ տեղի ունեցավ համահավաք՝ ի զորակցություն Արցախի եւ արցախահայության: Բացի այդ, ընդամենը շաբաթներ առաջ դեսպանը ընտանիքի հետ այցելել էր Սպահան:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս առումով Իրանում ՀՀ դեսպանի հանդիպումների շարքից պետք է առանձնացնել հետևյալները: Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ «Կոոպերատիվների, Աշխատանքի և Սոցիալ Ապահովության» նախարարության Միջազգային հարցերի վարչության գլխավոր պետ Համեդ Ֆորուզանի հետ: Դեկտեմբերի 20-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի կնոջ՝ Մերի Ավետիսյանի նախաձեռնությամբ և դեսպանության դիվանագետների կանանց աջակցությամբ կազմակերպվել է Իրանում հավատարմագրված դեսպանների կանանց այցելությունը Թեհրանի  Հայոց ազգային «Արտակ Մանուկյան» թանգարան, որտեղ վերջիններս ծանոթացել են հայկական պատմամշակութային ժառանգությանը Իրանում։ Բացի դա, Արսեն Ավագյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ Արևելյան Ատրպատականի նահանգապետ Զեյնոլաբեդին Խոռամի հետ։

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Դեսպան Ավագյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսյանի հետ։ 

Իսկ ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Պետք է փաստել, որ դեսպանատունը վերջին շրջանում բավական ակտիվ է սոցիալական հարթակներում, բացվել է դեսպանատան ինստագրամյան և թվիթերյան էջը:

Դեսպան Ավագյանը նաև հարցազրույցներով է հանդես եկել, մասնավորապես՝ Թասնիմ լրատվական գործակալությանը, որտեղ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին, Վրաստանի հետ հարաբերություններին և հայ-իրանական հարաբերություններին:

Շարունակելի...