Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Կատարում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի գործունեությանը: Վերջինիս կենսագրությունը բավական հարուստ է․
2004-2005թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 3-րդ քարտուղար,
2005-2006թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 2-րդ քարտուղար,
2006-2007թթ. Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար,
2007-2008թթ․ Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար,
2008թ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար
2010թ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի երկրների վարչության Արաբական երկրների և Իսրայելի բաժնի 1-ին քարտուղար,
2010-2012թթ. Քուվեյթում ՀՀ դեսպանության 1-ին քարտուղար,
2012-2015թթ. Քուվեյթում ՀՀ դեսպանության խորհրդական,
2015-2017թթ. ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի խորհրդական,2016թ. օգոստոս-2017թ. հունվար Սիրիայում ՀՀ դեսպանության խորհրդական,
2017-2021թթ. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս,
2021թ. սեպտեմբերի 13-ից Կատարի Պետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Դոհա)։
Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է: Կատարի հայկական համայնքը թեև փոքրաթիվ է, սակայն, բավական կուռ է: Դեսպանատան համագործակցությունը, սակայն, առավելապես ՀՀ-ից ժամանած տարբեր անհատների կամ խմբերի հետ է: Դիցուք՝ նախորդ տարվա մարտի 6-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն ընդունեց դեսպանություն այցելած Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին և մարմնամարզության Հայաստանի հավաքականին, ովքեր Դոհայում մասնակցել են աշխարհի առաջնությանը` նվաճելով երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ։
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Ի՞նչ իրավիճակ է այս առումով: Դեսպան Սարգսյանը բավական ակտիվ հանդիպումների շարք է ունենում Կատարի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության տրանսպորտի նախարար Ջասեմ բն Սեյֆ բն Ահմադ ալ-Սուլեյթիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիներն ու անդրադարձ կատարվել այս ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Բացի դա, Սարգսյանը հանդիպել է Կատարի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Խալիֆա բն Ջասեմ Ալ-Քուարիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները։ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի մարդու իրավունքների պաշտպանության Ազգային կոմիտեի նախագահ Մարիամ բինթ Աբդալլահ ալ-Աթիյաի հետ։ Հանդիպմանը ներկայացվել են Կատարում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու բարեփոխումների ընթացքը։ Դեսպանը նաև հանդիպել է ԿՊ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մուհամմադ Ալի Ալ-Մաննայիի հետ։ Դեսպան Սարգսյանը նախարարին է ներկայացրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում առկա ներուժը, համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունները:
Ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության դաշտում: Այս մասով պետք է առանձնացնել Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հարցազրույցը ազդեցիկ լսարան ունեցող կատարական Ալ-Շարկ արաբալեզու պարբերականին։
Ս.թ. մայիսի 26-ին Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց AlJazeera հեռուստաընկերության արաբերեն լուրերի խմբագրություն և հանդիպում ունեցավ խմբագրության տնօրեն Ասեֆ Համիդիի հետ։
Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ դեսպանին հաջողվում է քիչ թե շատ ակտիվ համագործակցություն տանել Կատարի Պետության քաղաքական իսթեբլիշմենթի հետ: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել այն ակնհայտ պասիվությունը, որը դրսևորվում է, մասնավորապես, Արցախյան հիմնահարցի, պատերազմի հետևանքների և Լաչինի միջանցքի ապօրինի շրջափկման հարցերը բարձրաձայնելու մեջ: