«Փաստ» օրաթերթը գրում է.
Անցած շաբաթվա վերջին մամուլում լուրեր տարածվեցին, որ մարտի սկզբին Հայաստան է ժամանելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նշվում էր, որ Զելենսկին մտադիր է այցելել Երևան ապա' Բաքու։ Այս տեղեկության պաշտոնական հաստատում կամ հերքում չեղավ: Ավելին, «Արմենպրես»-ի հարցմանը, թե կարո՞ղ են հաստատել կամ հերքել տեղեկություններն այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախատեսում է մարտին այցելել Հայաստան, Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հանրային տեղեկատվության վարչության պետ Ալեքսանդր Խրիպունովն ընդամենը պատասխանել է. «Ուկրաինայի նախագահի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության մասին տեղեկատվությունը համակարգված և օպերատիվ կերպով տեղադրվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում»։
Երեկ որոշ լրատվամիջոցներ տեղեկություն տարածեցին, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ի հեճուկս ավելի վաղ տարածված լուրերի, չի ժամանելու տարածաշրջան' ո՛չ Հայաստան, ո՛չ Ադրբեջան, Բաքվի կողմից այցի չեղարկման պատճառով։ Անկախ այս տեղեկությունների հակասականությունից, փորձենք հասկանալ, թե ինչ «խորխորատներ» կան այս «պատմության» մեջ:
Նախ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե Ուկրաինայի հետ պատերազմում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Ինչպես երևում է, Փաշինյանը հուսով էր, որ եկել է հարմար ժամանակը ապացուցել դա արդեն գործնականում, և Զելենսկիի այցը կարող էր լինել լավագույն առիթը: Միևնույն ժամանակ, Փաշինյանը և ՀՀ իշխանությունները «մոռանում» են, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրա ավարտից հետո ինչպիսի դիրքորոշում էր որդեգրել Ուկրաինան և ինչ քայլեր էր կատարել Հայաստանի և Արցախի նկատմամբ: Խոսենք փաստերով:
Նախ՝ ադրբեջանական զինծառայողները և թուրքական «փրոքսիները» 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառում էին արգելված ֆոսֆորային ռումբեր, որոնք ուղարկվել էին Ուկրաինայից:
Հաջորդը. Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ալիևին պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով Ուկրաինայի անփոփոխ դիրքորոշումն Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում՝ այս պարագայում նկատի ունենալով Արցախը:
Ուկրաինայի արտգործնախարարությունը երկրի քաղաքացիներին մշտապես կոչ է արել զերծ մնալ Արցախ այցելելուց՝ «առաջնորդվելով Ադրբեջանի օրենսդրությամբ»:
2023 թվականի սեպտեմբերին Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի նախագահի ընտրության անցկացումը՝ աջակցություն հայտնելով Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Ավելին, դեռևս 2017 թվականից Ուկրաինան արգելել էր Արցախում արտադրված բոլոր տեսակի ապրանքների ներկրումը երկրի տարածք, Զելենսկին այդ որոշումը չի վերացրել:
Մյուս հանգամանքը. Ուկրաինան Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ներառել է «Խաղաղարարի» պատժացուցակի մեջ: Ցուցակում նա նշվում է որպես անձ, որը ենթակա է «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին հանձնելու»։
Եվ վերջապես՝ միջազգային կառույցներում գրեթե բոլոր կարևորագույն քվեարկությունների ժամանակ Ուկրաինան բռնել է Ադրբեջանի կողմը՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի:
Մնում է հասկանալ, թե որ արժանիքների համար է (էր) Փաշինյանը անթաքույց խանդավառությամբ պատրաստվում դիմավորել՝ մշտապես հակահայկական դիրքորոշում ցուցաբերած երկրի ղեկավարին, և ինչո՞ւ էին այդքան ոգևորված բոլոր իշխանավորները: