Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի գործունեությանը:  Վերջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է՝  2002-2006թթ․ Սիրիայում ՀՀ Դեսպանության առաջին քարտուղար, 2006-2008թթ․ ԱԳՆ Քաղաքական ծրագրավորման վարչության տեղեկատվության բաժնի վարիչ, 2008-2011թթ․ Եգիպտոսում ՀՀ դեսպանության խորհրդական, 2012-2018թթ․ ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Մերձավոր և Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչ, 2018-2021թթ. Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ), 2021թ. հուլիսի 26-ից Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե), 2022թ. մարտի 7-ից համատեղության կարգով Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե), 2022թ. ապրիլի 22-ից համատեղության կարգով Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կահիրե)։

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Եգիպտոսում հայկական համայնքը բավական մեծ է: Մերօրյա եգիպտահայերը մեծամասամբ Եգիպտոսում ծնված ու քաղաքացիություն ունեցող հայեր են: Կենտրոնացած են Ալեքսանդրիայում և Կահիրեում` հիմնականում Հելիոպոլիս թաղամասում: Նրանց թիվը չի անցնում 6000-ից (մինչ 1952թ մոտ 60000 հայ էր բնակվում այստեղ): Գործում են հայկական դպրոցներ, ակումբներ, եկեղեցիներ, սպորտ ակումբեր և այլն: Սրան հակառակ՝ նոր սերնդի շատ հայեր, որոնք հիմնականում խառնամուսնությունների արդյունք են, չեն խոսում հայերեն (հատկապես Հայ կաթողիկե համայնքի հայերը), հայկական դպրոց չեն հաճախում և գաղթօջախի հետ ամուր կապը բացակայում է: Սակայն, դեսպանատան պաշտոնական էջում բավական սակավ ինֆորմացիա է առկա առ այն, թե ինչ համագործակցություն  է ծավալվում դեսպանատուն- համայնք գծով: Հայտնի է միայն, որ Կահիրեի համալսարանի Հայագիտության կենտրոնի կողմից հրատարակվել է «Փարոս» գիտական ամսագրի անդրանիկ համարը և այս գործում իր ավանդը ունի նաև դեսպանատունը: Բացի դա, Կահիրեի «Պըլըքտանեան» հանդիսասրահում Եգիպտոսում հայ համայնքի կողմից կազմակերպվել է հանդիպում-երեկո եգիպտահայ դերասանուհի Նորա Արմանիի հետ՝ դերասանուհու` Միջերածովյան երկրների Ալեքսանդրիայի 38-րդ կինոփառատոնին «Lifetime Achievement»  մրցանակին արժանանալու առթիվ։ 

Եկեղեցական դիվանագիտությունը նույնպես կարևորագույն տարրերից մեկն է: Այս առումով բավական ուշագրավ դրվագ կարելի է առանձնացնել: Պաշտոնական տեղեկագրից իմանում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, Եգիպտոսում ՀՀ դեսպանի տիկնոջ՝ Զարա Բալայան-Փոլադյանի նախաձեռնությամբ, ընդունեց Եգիպտոսում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների, ինչպես նաև եգիպտացի պաշտոնյաների տիկնանց, որոնք մասնակցեցին եկեղեցում մատուցված «խաղաղության համար» աղոթքին։ Այսինքն՝ եկեղեցական դիվանագիտության միջոցով փորձ է արվում նաև այլ երկրների դեսպաններին հետ կումունիկացիա ստեղծել, ինչը, ըստ էության, գովելի քայլ է: Բացի այդ,  Փոլադյանը Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մասնակցել է Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանի կողմից մատուցված Սուրբ Պատարագին և հանրապետական մաղթանքին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Ղպտի ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սբ. Մարկոսի աթոռի Պատրիարք, Նորին Սրբություն Թավադրոս Երկրորդի հետ։

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Փոլադյանը այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարության արտաքին հարաբերությունների վարչության պետ, դեսպան Դալիա Աբդել Ֆաթթահի հետ,  Եգիպտոսի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Խալիդ Աբդել Ղաֆֆարի հետ, Եգիպտոսի կապի և տեղեկատվական տեխնոլիաների նախարար Ամր Ահմեդ Թալաաթի հետ, ինչպես նաև Եգիպտոսի ԱԳՆ համագործակցության և զարգացման գործակալության գլխավոր քարտուղար, դեսպան Մոհամեդ Խալիլի հետ։ 

Ինչ իրավիճակ է հանրային դիվանագիտության ոլորտում: Պետք է նշել, որ դեսպան Փոլադյանը վերջերս հանդես է եկել հարցազրույցով, որի ընթացքում բարձրաձայնել է նաև Լաչինի միջանցքի փակ լինելու հարցը։

Մեկ այլ հարցազրույց էլ դեսպանը տվել է ՀՀ անկախության օրվա առթիվ

Պետք է արձանագրենք, որ ի տարբերությունը արտերկրում հավատարմագրված բազմաթիվ այլ հայ դեսպանների՝ դեսպան Փոլադյանի մոտ, քիչ թե շատ, ստացվում է համայնք-դեսպանատուն, եկեղեցի-դեսպանատուն կոմունիկացիայի արդյունավետ կառուցումը, իսկ ահա Եգիպոսի քաղաքական իսթբլիշմենթի հետ կապերի խորացման գործում դեռևս շատ անելիքներ կան, բարձր մակարդակի հանդիպումները կրում են եզակի և հիմնականում արարողակարգային բնույթ:

Շարունակելի...