Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր մեղադրում իշխանություններին՝ խնամի-ծանոթ-բերեկամով պետական կառավարման համակարգը կոմպլեկտավորելու համար: Որպես օրինակ` նա բերում էր ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների տնօրենների օրինակները, որոնք քիչ չէ նշանակվում էին վերը նշված սկզբունքով, դեռ մի բան էլ հաջողացնում էին պաշտոնավարման ընթացքում հայտնվել տարատեսակ սկանդալային պատմությունների մեջ: Դա, ըստ Փաշինյանի, խոսում էր նրանց նշանակած իշխանությունների որակի մասին:  Հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ները, ինչպես գիտենք, օպտիմալացվեցին: Թվում էր, թե մնացյալ սեգմենտն էլ պետք է զբաղեցնեն բանիմաց կադրերը, սակայն, միայն թվում էր: 

Օրերս Երևանի փոխքաղքապետի պաշտոնում ընտրված Ստեփան Մաչյանը նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է։ Մինչ քաղաքապետարան տեղափոխվելը նա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ղեկավարն էր, և ըստ մամուլի` տվյալ ՊՈԱԿ-ում վերջինիս ծանոթների և ընկերների պակաս չէր զգացվում:

Արսեն Թորոսյանի նշանակած Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը սկանդալից հետո ազատվել էր պաշտոնից, սակայն, ակնհայտ է, որ այդ պաշտոնին վերջինս նշանակվել էր հենց Թորոսյանի ջանքերով:

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ ՊՈԱԿ-ում է աշխատում նաև Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի կինը՝ Նաիրա Դալլաքյանը։ 

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, աշխատանքի էին անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։

«Հայանտառ» ՊՈԱԿ–ի Գյումրու մասնաճյուղում, առանց տնօրենի պաշտոնակատար նշանակվելու, միանգամից տնօրեն է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մ.Ա.-ն, որը չունի ո՛չ բարձրագույն կրթություն, ո՛չ աշխատանքային փորձ, ոչ էլ մասնակցել է մրցույթի, չնայած նույնիսկ մրցույթ չի հայտարարվել։ Թեև Անտառային կոմիտեն իր հերքման մեջ գրել էր՝ այս նշանակումը կատարվել է օրենսդրությանը համապատասխան, իսկ Մ.Ա.-ն  ուղղակի անցնում է եռամսյա փորձաշրջան։ Նշանակումը, ըստ մամուլի, արվել  է այն ժամանակ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանի ջանքերով:

Մամուլը նաև գրել էր, որ բնապահպանության  նախարար եղած ժամանակ Ռոմանոս Պետրոսյանն այդ նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող է նշանակել իր բարեկամ Արա Հակոբյանին, ով նախկինում եղել է Պռոշյանի գինու, կոնյակի գործարանի արտադրանքի առաքիչ։

Հեղափոխությունից հետո տեղի է ունեցել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ ներկայացրել էր 14 հոգի, մասնակցել էր 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Իսկ ո՞վ է նա: Վարդան Վարդանյանը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Բացի այդ, այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գուլանյանի ընկերը՝ Կարեն Ճենտերեճյանը, որը շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատուն է, նաեւ խորհրդի անդամ է, քվեարկել է հենց Վարդանյանի օգտին: