Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանի գործունեությանը: ՎԵրջինիս կենսագրությունը բավական ուշագրավ է: 2019թ. օգոստոսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել է Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Մինչ այդ՝ 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Պապիկյանը նշանակվել էր Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Հեղափոխությունից անմիջապես հետո՝ 2018թ. հունիսի 8-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել էր ԱԳ նախարարի տեղակալ։
Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Համայնքի ազգային կյանքը խթանելու, ավստրիահայ երիտասարդ սերնդին օժանդակելու, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գաղթօջախների հետ կապեր հաստատելու նպատակով Ավստրիայում գործում են մի շարք հասարակական կազմակերպություններ և միություններ, ինչպես օրինակ՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1910/1960 թթ.), Հայ ուսանողական և երիտասարդական միությունը (հիմն.՝ 1921/1960 թթ.), Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը (հիմն.՝ 1974թ.), Հայաստան համահայկական հիմնադրամի «Ավստրիայի միասնականություն» տեղական մարմինը (հիմն.՝ 1992թ.), Հայ մարմնակրթական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղը (հիմն.՝ 1989թ.), «Արարատ» հայկական մարզական միությունը (հիմն.՝ 1983/2009 թթ.): Դեսպանատան պաշտոնական կայքում բացակայում է տեղեկությունը առ այն, թե նշանակումից ի վեր համայնքային կառույցների հետ ինչ համագործակցություն է հաստատել դեսպան Պապիկյանը: Տպավորություն է, որ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կրել են զուտ սիմվոլիկ նշանակություն:
Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը՝ մանավանդ, երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Այստեղ էլ պետք է փաստենք դեսպանատուն-եկեղեցի կապի զուտ արարողակարգային բնույթը: Դիցուք՝ ապրիլի 24-ին դեսպանը մասնակցել է Վիեննայի Սուրբ Հռիփսիմե Հայ Առաքելական եկեղեցու հարևանությամբ գտնվող Հայկական հրապարակում տեղի ունեցած՝ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման կարգին: Դրանից առաջ էլ դեսպանը Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում մասնակցել է Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին։
Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս մասով դեսպան Պապիկյանը փոքր-ինչ ավելի ակտիվ է: Կարելի է առանձնացնել Արմեն Պապիկյանի այցը Ֆորարլբերգի դաշնային երկրամաս, որտեղ վերջինս հանդիպումներ է անցկացրել երկրամասի ղեկավար Մարկուս Վալլների /Markus Wallner/, երկրամասի դաշնային խորհրդարանի նախագահ Հարալդ Զոնդերեգգերի հետ: Կարևոր հանդիպումների շարքից էր նաև Պապիկյանի հանդիպումը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի (Andrej Danko) հետ:
Հանրային դիվանագիտությունը դեսպան Պապիկյանի մոտ, ըստ երևույթին, կաղում է: Դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջը առավելապես հիշեցնում է ԱԳՆ կամ կառավարության պատի թերթ, այստեղ գրեթե բացակայում է
որևէ հիշատակում առ այն, թե ինչով է զբաղված եղել դեսպան Վիրաբյանը՝ 44-օրյա պատերազմից, նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիայից հետո: Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում կարելի է հանդիպել միայն ԱԳՆ ռելիզները:
Ուշագրավ է նաև դեսպանատան ֆեյսբուքյան էջի անդրադարձը Լաչինի միջանցքի փակմանը, տարածված հայտարարության մեջ Արցախը անվանվում է ինքնահռչակ հայկական ինքնավար շրջան:
Արդյո՞ք դեսպանատունը իսկապես համաձայն է այս ձևակերպման հետ, թե գործ ունենք վրիպման հետ, որը, սակայն, կարող է լուրջ հարված հասցնել հայկական երկու պետությունների շահերի առաջ մղմանը:
Բացի այդ, Ավստրիայում ՀՀ դեսպանատունը իր պաշտոնական էջում կիսվել է տեղեկությամբ, առ այն, որ ֆրանսիացի նշանավոր հասարակական և քաղաքական գործիչները կոչ են արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը և սատար կանգնել Հայաստանին: Իսկ ի՞ նչ է արել դեսպան Պապիկյանը, որպեսզի նման հայտարարությամբ հանդես գան դիցուք՝ ավստրիացի նշանավոր հասարակական -քաղաքական գործիչները:
Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ չնայած Ավստրիայում առկա բավական կուռ և կազմակերպված համայնքին և գործունյա համայնքային կառույցներին՝ վերջիններիս հետ դեսպանատան կոմունիկացիան բավական թույլ է, նույնը կարելի է ասել ավստրիական իսթեբլիշմենթի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կապերի մասին:
Շարունակելի...