Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հետհեղափոխական Հայաստանի փոխմարզպետների գործունեությունը և այն, թե ինչով են վերջիններս հասցրել աչքի ընկնել զբաղեցրած պաշտոններում, այսօր կանդրադառնանք Կոտայքի փոխմարզպետ Վասակ Վարդանյանին:
Առաջին անգամ Վարդանյանի անունը հնչեց դեռևս Ռոմանոս Պետրոսյանի մարզպետ եղած ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ մարզպետը իր թիմակիցներին հսկայական չափերի հասնող պարգևավճարներ է բաժանել: Պարգևավճար ստացողների թվում էր նաև Վարդանյանը. նա ստացել էր 460 հազար 334 դրամ:
Ըստ մամուլի հրապարակումների եւ Հրազդանում պտտվող լուրերի' Միքայելյանն ուզում է փոխմարզպետ՝ Վասակ Վարդանյանին (ով իր փեսան է) տեսնել մարզպետի պաշտոնում: Այս տեղեկություններն սկսեցին տարածվել դեռևս 2018-ին, երբ Աբովյանի ընտրություններից հետո լարվել էին Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի հարաբերությունները: Սակայն, այն ժամանակ Վարդանյանը հայտարարել էր, որ ինքը մարզպետ դառնալու որևէ ցանկություն չունի:
Վարդանյանի կենսագրությունը բավական համեստ է: 2016 թվականից Հրազդան համայնքի ավագանու անդամ է եղել։ Ուշագրավ է, սակայն, որ հենց 2016 թվականին, ըստ իր ներկայացրած պաշտոնական հայտարարագրի, Վարդանյանը որպես նվիրատվություն է ստացել հողամաս՝ որպես բաժնային սեփականություն: Եթե 2018-ին նա որպես եկամուտ հայտարարագրել էր ընդամենը 860,000.00 դրամ, ապա 2021-ի հայտարարագրի համաձայն Վարդանյանը հայտարարագրել է 23,663,864.00 դրամի եկամուտ: