Նախորդ տարվա նոյեմբերի 22-ին Իսպանիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվեց Սոս Ավետիսյանը: Սոս Ավետիսյանը 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Վերջինիս դեսպան նշանակվելու լուրը մամուլում բավական ուշագրավ մեկնաբանություններով էր համեմված: Դիցուք՝ խոսվում էր այն մասին, որ Ավետիսյանի նշանակումը յուրահատուկ բարտեր էր: Բանն այն է, որ նախորդ տարվա  հունիսին խորհրդարանը փակ քվեարկությամբ մերժեց «Իմ քայլի» պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջ՝ Տաթեւիկ Բարսեղյանի թեկնածությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնում: Որոշ տեղեկությունների համաձայն` այս ձախողումից հետո «բարտեր» են արել եւ տիկնոջ թեկնածությունը չեն առաջադրել, քանի որ ամուսնուն՝ Սոս Ավետիսյանին, մոտ ապագայում դեսպան էին նշանակելու։ Ինչն էլ և տեղի ունեցավ ամիսներ անց: Վերջինիս նշանակումը նաև հիմնավորում են այն հանգամանքով, որ Ավետիսյանը հանդիսանում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի աներձագը:

Այժմ անդրադառնանք Ավետիսյանի՝ դեսպանի պաշտոնում ծավալած գործունեությանը: Համաձայն պաշտոնական տեղեկատվության՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո դեսպանը  հանդիպում է ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահ Մերիչել Բատետի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին: Այնուհետև  հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Ավետիսյանը վերջինիս ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը:

Պաշտոնավարման առաջին իսկ օրերից դեսպան Ավետիսյանը ակնհայտորեն խուսափում է  հայկական համայնքների հետ բաց հանդիպումներից: Իսպանահայությունը գտնվում է համայնքային կառույցների կազմակերպման փուլում: Իսպանահայերի համայնքային կազմակերպությունները քիչ չեն, սակայն, դեսպանատան պաշտոնական կայքէջից պարզ է դառնում, որ չկա հաստատված կայուն կոմունիկացիա դեսպանատան և համայնքային կազմակերպությունների միջև:

Արտաքին քաղաքականության արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորագույն տարրերից է եկեղեցական դիվանագիտությունը, մանավանդ երբ խոսքը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է։ Սովորաբար եկեղեցին չափազանց ազդեցիկ գործոն է պետության հասարակական, կրոնական, հաճախ նաև քաղաքական կյանքում։ Այս առումով թեև դեսպանը որևէ հանդիպում մինչ օրս չի ունեցել թեմերի առաջնորդների կամ հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ, դեսպանատան բարձրաստիճան պաշտոնյաները մասնակցում են պատարագներին, որոնք իրականացվում են Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք աբղ. Սարգսյանի ձեռամբ:

Հանրային դիվանագիտությունը Սոս Ավետիսյանի ուժեղ կողմերից չէ: Նախ, նա բավական հազվադեպ է հանդես գալիս հարցազրույցներով, իր անձնական սոցիալական էջերում Սվետիսյանը առավելապես զբաղված է ոչ թե դեսպանության կամ իր գործունեության լուսաբանմամաբ, այլ Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ: Դիցուք՝ 

2022-ի նոյեմբերին, այսինքն՝ ադրբեջանական լայնածավալ ագրեսիայից ամիսներ անց դեսպանը զբաղված էր ոչ թե համայնքային կառույցների և իսպանացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներով, այլ Աիդա օպերան դիտելով: Պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ավետիսյանը հարցազրույց է տվել ընդամենը մեկ անգամ՝ իսպանական Radio UNED ռադիոալիքին, որը հեռարձակվել է նաև Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 3-րդ ռադիոալիքով: Կարելի է փաստել, որ դեսպանը արդյունավետ չի աշխատել իսպանական մամուլի հետ, ինչը պատերազմի արդյունքում պարտված երկրի դեսպանի համար պետք է առաջահերթություն լիներ՝ իրողությունները իսպանական հանրությանը ներկայացնելու համար։ Փոխարենը` դեսպանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը. թե որն էր դրա տեղեկատվական նպատակը և գործառույթը՝ մնում է կռահել:

Ինչ վերաբերվում է վերջին շրջանում հատկապես Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից հետո դեսպանի ծավալած գործունեությունը, ապա դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունների մեջ այս մասին ընդամենը մեկ հիշատակում կա առ այն, որ Իսպանիայի Կոնգրեսը դեկտեմբերի 22-ին կայացած լիագումար նիստի ընթացքում միաձայն ընդունել է հայտարարություն՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:  Իսկ թե ինչ աշխատանքներ է ծավալել ինքը` Ավետիսյանը, որպեսզի իսպանական հանրությունը էլ ավելի լավատեղյակ լինի Ադրբեջանի կողմից հրահրվող հումանիտար ճգնաժամին՝ դժվար է ասել. այդ մասին չկա հիշատակում ոչ դեսպանատան պաշտոնական լրահոսում, ոչ Ավետիսյանի սոցիալական ցանցերում:

Շարունակելի...