Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել արտերկրում հավատարմագրված ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների գործունեությունը՝ այսօր կանդրադառնանք Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանի գործունեությանը: Հակոբյանը 2006-2011 թվականներին եղել է Կա­նա­դա­յում ՀՀ դես­պա­նու­թյան ար­տա­կարգ դես­պա­նորդ և լի­ա­զոր նա­խա­րար, Կա­նա­դա­յում՝ ՀՀ գոր­ծե­րի հա­վա­տար­մա­տար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2011-2020 թվականներին՝ ՀՀ Ա­ԳՆ ամերիկյան երկրների վար­չու­թյան պե­տ, իսկ 2020-2021-ին եղել է Բրազիլիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը:

Արտերկրում հավատարմագրված Հայաստանի ցանկացած դեսպանի հաջողության թիվ մեկ գրավականը տեղի հայ համայնքի, հայկական կազմակերպությունների, էթնիկ լոբբիստական կառույցների և ավանդական կուսակցությունների հետ տարվող աշխատանքներն ու անխափան համագործակցությունն է։ Սակայն, դեսպանատան ֆեյսբուքյան էջում բացակայում են տեղեկությունները դեսպանի և համայնքային կառույցների ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումների վերաբերյալ: Դեսպան Հակոբյանի գործունեության մասին ինքնին տեղեկությունը բավական սուղ է, փոխարենը լայնորեն լուսաբանված է ԱԳՆ գործունեությունը և դիցուք՝ այլ երկրներում ՀՀ դեսպանների ելույթները և հայտարարությունները:

Ընդունող պետության գործադիր իշխանության հետ աշխատանքը ցանկացած դեսպանի համար կարևորագույն առաջնահերթություն է։ Այս առումով նույնպես բացակայում է որևէ տեղեկություն, թե իսրայելական իսթեբլիշմենթի որ կարկառուն ներկայացուցիչների հետ է հանդիպել դեսպան Հակոբյանը: Հաշվի առնելով Իսրայելի հետ առկա բավական հակասական հարաբերությունները՝ այդ հանդիպումներն ակնհայտորեն ավելորդ չէին լինի և այստեղ մեծ աշխատանք էր պետք կատարել Իսրայելի պրո-ադրբեջանական դիսկուրսը փոքր-ինչ ի օգուտ մեզ փոխելու համար: Այդ աշխատանքը, ինչպես հասկանում ենք, չի կատարվել:

Եկեղեցական դիվանագիտությունը նույնպես կարևորագույն տարրերից մեկն է: Պետք է նշել, որ Իսրայելում ՀՀ դեսպանն այս ընթացքում հանդիպումներ է ունեցել ավետարանչական և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր հովիվների հետ, այցելել է պատրիարքարաններ: Սակայն, ցավոք, չենք կարող փաստել, որ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի հետ դեսպանատան համագործակցությունը կուռ է և արդյունավետ, քանի որ բացակայում են Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ հանդիպման մասին տեղեկությունները:

Հանրային դիվանագիտության մասով իրավիճակը փոքր-ինչ այլ է: Դեսպան Հակոբյանը, ի տարբերությունը ՀՀ մյուս դեսպանների, առնվազն հանդես է գալիս հարցազրույցներով՝ փորձելով իսրայելական հանրությանն ու փորձագիտական շրջանակներին ներկայացնել ՀՀ և Արցախի տեսակետները այս կամ այն առանցքային հարցերի վերաբերյալ:

Մյուս կողմից՝ դեսպանատունը, կարծես թե, այնքան էլ ակտիվ չէ նաև քաղաքացիների հետ կոմունիկացիան պահելու հարցում, հակառակ դեպքում՝ նմանատիպ մեկնաբանությունների առիթ չէր առաջանա։

Պետք է արձանագրենք, որ չնայած Իսրայելում առկա համայնքին՝ վերջինիս հետ դեսպանատան կոմունիկացիան բավական թույլ է, նույնը կարելի է ասել հրեական իսթեբլիշմենթի հետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության կապերի մասին: 

Շարունակելի...