Ինչպես և խոստացել էին՝ սկսում ենք հոդվածների շարք, որոնցում կփորձենք առավել մանրամասն անդրադառնալ արտեկրում ՀՀ դեսպանների աշխատանքին և ինչն էլ ավելի կարևոր է այդ աշխատանքի արդյունավետությանը:
Այսօր մեր հերոսը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն է: Վերջինիս կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2004-2008թթ․ նա եղել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար: 2008 - 2014թթ․ ՀՀ Արտաքին գործերի նախարարի օգնական: 2014-2018թթ․ Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ: 2018թ-ից Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ): 2020թ․ հուլիսի 16-ից Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Փարիզ):
Դեսպանի աշխատանքի արդյունավետության գնահատման համար հիմք ընդունենք Հայաստանի և Արցախի համար առանցքային նշանակություն ունեցող իրադարձությունների օրերին դեսպանի դրսևորած ակտիվությունը: Եվ այսպես՝ ինչով էր զբաղված Հասմիկ Տոլմաջյանը 44-օրյա պատերազմի օրերին:
2020 թվականի հոկտեմբերի 7-ին հրապարակվեց Ֆրանսիայի 176 պատգամավորների, սենատորների, քաղաքապետների բաց նամակը ուղղված Ֆրանսիայի ղեկավարությունը, որից պահանջվում էր մի կողմ դնել չեզոքությունը և հստակ գնահատականներ տալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային: Որքանով է այս նամակի կազմմանը նպաստել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը՝ դժվար է ասել, հասկանալի է, որ եթե անգամ դիվանագիտական աշխատանքներ տարվել են, դրանք տարվել են ոչ բացահայտ, սակայն, այնուամենայնիվ, որևէ տեղ չի հիշատակում, որ այս նամակը հենց դեսպանության աշխատանքի արդյունավետության վկայությունն է:
Հոկտեմբերի 20-ին ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր հավատարմագրերն է հանձնել Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդին։ Կայացած հանդիպմանը դեսպան Տոլմաջյանը Իշխանին հանգամանալից ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և ագրեսիայի հումանիտար հետևանքները։ Այս հանդիպման ընթացքում, այո, դեսպանը օգտագործել է առիթը և կատարել է իր պարտականությունները հավուր պատշաճի՝ բարձրաձայնելով Ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների մասին:
Այնուհետև, մինչև 2021 թվականի մայիսի 19-ի դեսպանության պաշտոնական լրահոսում բացակայում է ընդհանրապես որևէ հիշատակում դեսպան Տոլմաջյանի գործունեության, ելույթների կամ հանդիպումների մասին: Այսինքն' պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո, երբ առանձնապես սուր էին գերիների վերադարձի հարցերը և Ֆրանսիան, լինելով այդ թվում Մինսկի խմբի համանախագահ, կարող էր օգտագործել իր լծակները՝ աջակցելու Հայաստանին իր արդար պահանջներում, դեսպանը այս ընթացքում հանրային որևէ լուրջ գործունեություն չի ծավալել: Մայիսի 19-ին Մայիսի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին: Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի վերջին սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիային այդ հարցում արտահայտած հստակ դիրքորոշման և Հայաստանին ցուցաբերած ամուր աջակցության համար։
2021 թվականի հոկտեմբերի 22-ին Տոլմաջյանը ծավալուն հարցազրույց է տվել Conflits պարբերականին, և անդրադարձ է կատարել այդ նույն տարվա մայիսին Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանական կողմի կազմակերպած ագրեսիային:
Միևնույն ժամանակ դեսպանության պաշտոնական լրահոսից հասկանալի չէ, թե ինչ աշխատանքներ է կատարել դեսպան Տոլմաջյանը նախորդ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի օրերին, երբ թշնամին հասել էր ընդհուպ մինչև Ջերմուկի մատույցներ և ռմբակոծում էր հայկական քաղաքները: Միայն սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը երկու տասնյակ ֆրանսիական խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և դրանից երկու տարի անց՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու պատերազմական հանցագործությունների մասին ահազանգելու և միջազգային հանրության արդյունավետ հակազդեցության միջոցով Բաքվի զավթողական հավակնություններն ու հայ ժողովրդի դեմ էթնիկ նոր զտումները զսպելու անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով։ Մամուլի ասուլիսին ներկա էին ֆրանսիական խոշոր տպագիր մամուլի և հեռուստատեսությունների ներկայացուցիչներ («Agence France Presse», «Le Figaro», «Le Figaro Magazine», «Le Monde», «L’Express», «Le Point», «Marianne», «L’Opinion», «Valeurs actuelles», «La Revue des deux Mondes», «Le Pèlerin», «Le Conflit», «L’Incorrect», «France 24», «TV5Monde», «Arte», «RFI» և այլն)։
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը շաբաթներ առաջ 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև։ Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը պահանջում էր հեռացնել Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Որևէ կերպ չնսեմացնելով այս դիվանագիտական հաջողության արձանագրման հարցում դեսպանատան աշխատանքները՝ միևնույն ժամանակ նշենք, որ տվյալ բանաձևը առավելապես տեղավորվում է Ֆրանսիայի՝ վերջին տարիներին որդեգրած արտաքին քաղաքականության սկզբունքներում և այստեղ որևէ հավելյալ նշում ֆրանսիական իսթեբլիշմենթի վրա գործադրելու կարիք առանձնապես չէր զգացվում: Այլ բան է, որ Ֆրանսիայի նախագահը այդպես էլ անարձագանք թողեց այս բանաձևը, հետևաբար կարող ենք փաստել, որ այն ընդամենը սիմվոլիկ աջակցության ժեստ էր, որն իր մեջ քաղաքական շեշտադրում չէր պարունակում:
Պետք է փաստենք, որ թեև տիկին դեսպանի աշխատանքը կարելի է գնահատել բավարար, միևնույն ժամանակ փաստենք, որ վերը նշված ձեռքբերումներում իրենց կարևոր լուման ունեն նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, համայնքային կառույցները: Չպետք է մոռանալ, որ հայկական համայնքը Ֆրանսիայում ավանդաբար լավ է համագործակցում ֆրանսիական քաղաքական շրջանակների հետ և լուրջ գործոն է հանդիսանում այս երկրում: Փաստենք նաև, որ Ֆրանսիայում ՀՀ դեսպանի աշխատանքը կարող էր ավելի արդյունավետ լինել, հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, սակայն տեսնում ենք, որ այս կարևոր և առանցքային ժամանակահատվածում ակնհայտորեն ոչ բոլոր ռեսուրսներն էին մոբիլիզացվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները ներկայացնելու և Ֆրանսիայի կողմից հնարավոր լծակների գործադրմանը հասնելու ուղղությամբ...