1997-ի ղեկավարության հետ համեմատած ՀՀ այսօրվա ղեկավարությունն իր ներսում տարաձայնություն չունի, վճռական է և միակամ այն նպատակներին հասնելու գործում, որին ձգտում է, այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
«Այսօրվա քաղաքական թիմը հստակ պատկերացնում է խաղաղության գինը, խաղաղության տեսլականը, այն հիմնական ճանապարհը, որով պետք է գնա Հայաստանը»,– ասել է նա։
Պատգամավորը նշել է, որ Հայաստանը երբեք չի եղել այնքան ազատ, որքան այս քաղաքական թիմի կառավարման ժամանակ։ «Եթե դիտարկենք մեր ընդդիմադիրների կողմից իրականացվող գործունեությունը, ապա բացառիկ ազատության մեջ են գործում»,– ասել է նա՝ հավելելով, որ բոլոր հնարավոր մեթոդները, լեքսիկոնը, այդ թվում՝ փողոցային մակարդակի, օգտագործվում է այս իշխանությունների հասցեին, իսկ իշխանությունը որևէ ռեպրեսիա չի կիրառում։
Գուրգեն Արսենյանը նաև նշել է, որ իր համար ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունը 44-օրյա պատերազմն էր, որը ցույց տվեց սնանկությունն այն ամենի, ինչ ասում էին նախկին իշխանությունները, այն տեսլականը, որ նրանք առաջարկել էին ժողովրդին։ «Այն գինը, որը վճարեց ՀՀ ժողովուրդը, և հայկական բանակը, դա ապացույց էր, որ մենք պետք է սթափվենք, վերադառնանք իրերն իրենց անուններով կոչելու դաշտ»,– ասաց նա։
Դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է, թե իշխանությունն Արցախը հանձնում է Ադրբեջանին, պատգամավորն արձագանքեց՝ ասելով, որ ընդդիմության տված գնահատականներն իրենց քաղաքական շահերին սպասարկող գնահատականներն են, որովհետև իշխանությունն այս պահին առաջնորդվում է ներկա իրողություններով։
«Երբ Հայաստանի ու Արցախի սահմանն ընդհանուր էր մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, երբ հայկական զորամիավորումները կանգնած էին Արցախի և Ադրբեջանի միջև, այդ ժամանակ մի իրավիճակ էր, երբ ՀՀ–ն կարողանում էր ակտիվորեն մասնակցել ու ակտիվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, որը կոչվում է Արցախի անվտանգության երաշխավոր, իրադարձությունները զարգացան այնպես, որ մեր Զինված ուժերը չկարողացավ դիմակայել ադրբեջանական հարվածին, և հիմա մեր և Արցախի միջև տեղակայված են ադրբեջանական զինված ուժերը, և մենք հանձնելու որևէ բան չունենք, Արցախն այս պահին գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ»,– ասել է նա։
Գուրգեն Արսենյանը նաև նշել է, որ հանրային ցանկացած հայտարարություն, կոչ, որը վերաբերում է Արցախի քաղաքական կարգավիճակին, հասարակական, ներքին կյանքի սրմանը, պարզապես սպառնում է Արցախում ապրող մարդկանց կյանքին։ Նրա խոսքով՝ իրենց նպատակն է իր բնականոն ավարտին հասցնել խաղաղության դոկտրինը, որովհետև խաղաղության դոկտրինի պայմաններում առաջին հերթին դադարում է ռազմական գործոնը լինել առօրյա։
«Մենք իրականացնում ենք մի քաղաքականություն, որն այս պահին բխում է ՀՀ պետական շահերից։ ՀՀ պետական շահերի պարագայում հակադրել Արցախի շահերը Հայաստանի շահերին' այնքան էլ ազնիվ չէ։ Հայաստանի պետական շահերը պահանջում են, որպեսզի ինքը շատ արագ և արդյունավետ հասնի մի հանգրվանի, որը կոչվում է հարևանների հետ պռոբլեմների բացակայություն»,– ասել է նա։