Oրեր առաջ անչափ ուշագրավ նորություն տարածվեց: Հայտնի է դարձել, որ ԵՄ-ն Ռումինիային և Բուլղարիային վերջապես թույլատրել է Շենգենյան գոտին, թեև այն դեռ մասնակի է. ԵՄ-ն համաձայնել է վերացնել նրանց համար սահմանային հսկողությունը ծովային և օդային սահմաններում, սակայն, ցամաքային սահմաններում այն դեռ պահպանվելու է: Այս գործընթացը երկու երկրներից խլեց 12 տարի, վերջին առարկությունները հանվեցին Ավստրիայի կողմից, որը երկար ժամանակ վետո էր կիրառում փաստաթղթի դեմ։ Այն կարող է կիրառվել մարտ ամսից. իսկ մինչ այդ ավիաընկերությունները պետք է փոխեն թռիչքների պլանները, քանի որ համաձայնագիրը ենթադրում է ժամանման տերմինալի փոփոխություն՝ առանց անձնագրային հսկողության անցնելու:
Վիզա ազատականացում ստանալու համար երկրները անցնում են 3 աստիճան։ Կնքում են վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիր (վիզա հեշտացում), ստանում են վիզա-երկխոսություն, ապա հասնում են վիզա ազատականացմանը: Հայաստանը դեռևս անցել է 1-ին աստիճանը։ Դժվար է անգամ պատկերացնել, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի ՀՀ քաղաքացիները հնարավորություն ստանան այցելել ԵՄ երկրներ առանց վիզայի, եթե անգամ Ռումինիայի և Բուլզարիայի քաղաքացիներն էին 12 տարի լավագույն ապագայի սպասման մեջ գտնվել: Դեռևս 2017 թվականին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը ո՛չ օրերի, ո՛չ էլ ամիսների հարց է: Հեղափոխությունից հետո Փաշինյանն ու թիմակիցները փորձում էին հանրության մոտ ստեղծել կեղծ պատրանքներ, որ 30 եվրոյով Միլան թռչելու հնարավորությանը հաջորդելու է Շենգենյան գոտուն միանալը: Սակայն, ակնհայտ է, որ դա հերթական պոպուլիստական քայլն էր ՀՀ իշխանությունների կողմից, իսկ ահա ԵՄ-ն ընդհանրապես չի շտապում Հայաստանին նման արտոնություններ շնորհել: Փաշինյանի և նրա թիմակիցների քարոզչական թեզերի վրա վերջերս սառը ջուր լցրեց նաև ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Կառլ Չապեկը, ով բացահայտ հայտարարեց, որ Երևանը չպետք է այս գործընթացից չափազանցված սպասելիքներ ունենա: Նրա խոսքերով՝ Եվրամիության բոլոր անդամ պետությունների միասնական որոշումը պետք է լինի, ինչի մասին այս պահին դեռևս խոսք չի գնում: Ներկա պահին, ըստ դեսպանի Հայաստանում հավատարմագրված որևէ դեսպան չի կարող նման խոստում տալ, և ժամկետների մասին խոսելն անհնար է: Իսկ Փաշինյանի և թիմակիցների կողմից դաշնակից հայտարարված Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը, ընդամենը հայտարարել է, որ Ֆրանսիան դիվանագիտական կեցվածք ունի ՀՀ հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Այդ հանգամանքը, սակայն, չի խանգարում ՀՀ իշխանությունների Շենգենյան գոտուն միանալու վերաբերյալ հեքիաթներ պատմել հպարտ քաղաքացիներին: Փաշինյանին իհարկե, կարող են երկար ծափահարել Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթից հետո, սակայն, գործնականում Հայաստանին ԵՄ ընտանիք ընդունելու որևէ ցանկություն արևմուտքը չի դրսևորում: Հետևաբար ակնհայտ է, որ արդեն իսկ առկա և Հայաստանին բազմաթիվ տնտեսական օգուտներ բերող ԵԱՏՄ-ն աչքաթող անելով և գոյություն չունեցող և ապագայում չնշմարվող առավելությունների հետևից ընկնելով՝ Փաշինյանն ու թիմակիցները հերթական անգամ հարվածի տակ են դնում ՀՀ պետական շահերը: