Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները ի պաշտոնե մշտապես գտնվել են հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող հարցերի կիզակետում: Վերհիշենք, թե ինչպիսի ուշագրավ և սկանդալային իրավիճակներում են հայտնվել Հայաստանի նախկին և գործող ոստիկանապետերը և ինչպես են այդ իրավիճակներում դրսևորվել նրանց անձնային և մասնագիտական որակները:
ՀՀ ոստիկանության պետերից իր խստությամբ աչքի էր ընկնում գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Գասպարյանը պաշտոնը ստանձնել է 2011 թվականին և ղեկավարել է ընդհուպ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը: Գասպարյանի առանձնահատկություններից մեկն էր ոստիկանական գործողությունների անմիջական կենտրոնում գտնվելն ու դրանք ղեկավարելը: Այդպես էր «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ, ՊՊԾ գնդի գրավման և Սարի թաղում արձանագրված բախումների ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ արված մի շարք արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ, ցուցարներին ուղղված՝ «սթափվեք գժուկներ, սա փոքր երկիր ա» և «Ես Գասպարյան Վովա՛ն եմ, Վովա՛ն» արտահայտությունները դեռևս հիշվում են հասարակության կողմից: Հիշվում է նաև 2013 թվականին ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթքը: Այդ քայլը, ի դեպ, շատերի կարծիքով պարպեց առկա լարվածությունը, որը ձևավորվել էր Հովհաննիսյանի քարոզարշավի ընթացքում և զգալիորեն փոխեց ոստիկանության դեմ հանրային բացասական տրամադրվածությունը: Գասպարյանի ղեկավարման տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում ոստիկանության համակարգում ներքին դիսցիպլինայի բարձրացման վրա: Ոստիկանապետը նաև աչքի էր ընկնում քաղաքացիների խնդիրներին լուծում տալու իր պատրաստակամությամբ: Այսպես օրինակ, երբ 2015-ին հողագործները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության առաջ` բարձրաձայնելով իրենց խնդիրները, այդ խնդիրներից մեկն էլ այն էր, որ ոստիկանները հաճախ ճանապարհներից խոչընդոտում են բերքի տեղափոխման գործընթացը: Դրանից հետո Գասպարյանի հրամանով կարգադրվեց բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել բոլոր դիմումներին ու խնդրանքներին: Նույն Գասպարյանի կարգադրությամբ ՃՈ աշխատակիցներին ուսուցանում էին, թե ինչպես պետք է առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել քաղաքացիներին, երբ նրանք կհայտնվեն ավտովթարների մեջ և կստանան վնասվածքներ։
Վլադիմիր Գասպարյանից հետո ոստիկանապետի պաշտոնը ստանձնեց Վալերի Օսիպյանը, և դա շատերի համար տարօրինակ էր, քանի որ հենց Օսիպյանն էր ղեկավարում ընդդիմության ցույցերի դեմ ոստիկանական գործողությունները ապրիլյան իրադարձությունների ժամանակ` լինելով Երևանի փոխոստիկանապետ: Օսիպյանը, ի տարբերություն Գասպարյանի, առավելապես «թավշյա» ղեկավար էր և ղեկավարման մեկ տարվա ընթացքում աչքի չի ընկել խստությամբ ՝ ոստիականական համակարգի գործողությունները փորձելով տեղավորվել հեղափոխության տրամաբանության մեջ: Նրա ղեկավարման շրջանում էլ, սակայն, եղան կուրյոզային դեպքեր, երբ խստությունը թերևս չէր խանգարի, օրինակ՝ տրանսգենդերների կողմից ոստիկանական բաժանմունք ներխուժելը և ոստիկաններին ծեծի ենթարկելը: Այդ դեպքից հետո, ի դեպ, որևէ մեկը այդպես էլ չպատժվեց, ինչը բավական լուրջ դժգոհություն առաջացրեց հենց համակարգի ներսում: Կառույցում չեն հերքել, որ այդ դրվագից հետո եղել են ազատման մասին բազմաթիվ դիմումներ, իսկ մամուլի տեղեկությունների համաձայն` Վալերի Օսիպյանն անձամբ էր շրջում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին եւ չկազմաքանդել համակարգը: Պետք է առանձնացնել նաև այն դեպքը, երբ Վալերի Օսիպյանը մոտոսիրահարներին Ֆրանսիայի հրապարակ է հրավիրել ու անձամբ փոխանցել է նրանց գիշերները չաղմկելու մասին Երևանի բնակիչների պահանջը։ Այսպիսով Օսպիյանը փորձում էր նոր մշակույթ ձևավորել քաղաքացի-ոստիկան փոխհարաբերություններում: Փոխարենը՝ Օսիպյանի ղեկավարման շրջանում ոստիկանությունը անչափ խիստ էր օլիգարխների, քրեական հեղինակությունների և նրանց թինկազորին ասֆալտին փռելու՝ վարչապետի հրահանգը կատարելու հարցում: Եղան նաև բողոքի ակցիաներ և ճանապարհ փակելու դրվագներ՝ Ամուլսարում, Իջևանում: Երկրորդ դեպքում քաղաքացիների և ոստիկանության միջև լուրջ բախումներ էին տեղի ունեցել, տուժել էին մեծ թվով ոստիկաններ և իրավիճակը տեղում վերահսկելու նպատակով այդ պահին Իջևան էր մեկնել ոչ միայն Օսիպյանը, այլ նաև այն ժամանակ դեռ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:
Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում հաջորդեց Արման Սարգսյանը: Սարգսյանի ղեկավարման մեկ տարվա ընթացքում Հանրապետությունում քրեական իրավիճակի վատթարացումը ակնհայտ էր, ինչն էլ թերևս ի վերջո հանգեցրեց վերջինիս ազատմանը: Ինքը` ոստիկանապետն էլ կամ Էրեբունի պլազա ներխուժած զինված անձի հետ էր անձամբ բանակցում՝ «կյանքս վստահում եմ քեզ» արտահայտությամբ` իր ծառայողական ավտոմեքենայով վերջինիս բաժանմունք ուղեկցելով, կամ էլ ստիպված էր լինում բացատրել, թե ինչպես իր ներկայությամբ քաղաքի հիվանդանոցում կարող է զանգվածային սպանությամբ և խոշտանգմամբ ուղեկցող վենդետա տեղի ունենալ. խոսքը, իհարկե, Գավառի հայտնի դեպքերի մասին է, իսկ ոստիկանությունը զբաղված լինի՝ ոստիկանապետին փրկելով և ոչ թե տեղում իրավիճակը օպերատիվ վերահսկողության տակ առնելով: Սարգսյանի ղեկավարման շրջանում լարվածության օջախ առաջացավ նաև Կապանում: Հիշեցնենք, որ այնտեղ մի քանի անձի բերման էին ենթարկել ոստիկանություն, իսկ վերջիններիս հարազատները պնդում էին, թե նրանց ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Սակայն, ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Իրավիճակը հարթվեց, բայց ՀՀ ոստիկանապետը անձամբ որևէ մասնակցություն այս խնդրի լուծմանը չցուցաբերեց, և չնայած հավաքվածները պահանջում էին նաև իր ներկայությունը՝ Սարգսյանը Կապան չմեկնեց:
Ընթացիկ տարվա հունիսին էլ ՀՀ ոստիկանության պետ է նշանակվել Վահե Ղազարյանը: Ղազարյանի եռամսյա գործունեությունը վերլուծելիս առաջին հերթին պետք է փաստել, որ նորանշանակ ոստիկանապետը համակարգում համարվում է լավ օպերատիվ աշխատող, ով բազմաշերտ տիրապետում է համակարգում առկա իրավիճակին և հեղինակություն է վայելում: Սակայն, վերջինիս կողմից համակարգի ղեկավարումը ստանձնելը համընկավ երկրում ծայր առած կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ամենաթեժ փուլի հետ, երբ իշխանությունները, գործի դնելով նաև իրավապահ համակարգը, քաղաքացիներին բառի բուն իմաստով` «դիմակային» և «տուգանային» տեռորի են ենթարկում: Այս ընթացքում շատ են քննարկվում հենց ոստիկանության գործողությունները և շատ դեպքերում դիմակ չկրելու համար անգամ կանանց ասֆալտին փռելու օպերացիաները այն աստիճան ոչ իրավաչափ ու ոչ համարժեք են, որ անգամ ոստիկանությունում այդ դեպքերից հետո չեն կարող խուսափել ծառայողական քննություն նշանակելուց: Չնայած դրան` քաղաքացի-ոստիկան հարաբերությունները ստեղծված իրավիճակում բավական լարված են և կարելի է ասել, որ ոստիկանության այդ տեսակ գործելաոճը փաստորեն ջուրն է գցում այն երկար տարիների աշխատանքը, որը տարվել է ոստիկանության իմիջի ձևավորման և ոստիկան-քաղաքացի հարաբերությունների մակարդակը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ…
ՀՀ ոստիկանապետերից ով և ինչով է աչքի ընկել պաշտոնավարման ընթացքում
20:38 - 17.Սեպտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
14/01/23 22:51
Ինչով են աչքի ընկել հայ դեսպանները՝ Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության գործում. մաս I` Հասմիկ Տոլմաջյան
28/02/24 18:15
Հայաստանն ու Ադրբեջանը տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ․ ՀՀ փոխվարչապետ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան