Մայիսի 26-ին՝ ժամը 10:30-ին, Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի կունենա Խարբերդի մանկատան 25 սաների մկրտությունը: Մկրտությունը կկատարի եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Զենոն քահանա Բարսեղյանը: Երեխաների կնքահայրերը եկեղեցու երիտասարդաց միության անդամներն են:
Մանկատան սաների հետ համայնքի անդամները բավական սերտ կապի մեջ են: Հաճախակի այցելություններից զատ համայնքի անդամները երեխաների համար ամեն ամիս կազմակերպում են այցելություն կինոթատրոն կամ թատրոն: Այս մասին տեղեկացնում են Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից:
Մայիսի 26-ին` ժամը 13-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի կունենա շնորհաբաշխում: Դրամական մրցանակներ կստանան Երևանի չորս բուհերի այն սաները, ովքեր հաղթող են ճանաչվել Ս. Սարգսի տոնի առթիվ կազմակերպված ցուցահանդես-մրցույթներում: Գեղանկարչություն, կերպարվեստ, 18 աշխատանքներն Արարատյան Հայրապետական թեմի կողմից կարժանանան մրցանակների:
Ստեղծագործական բուհերում Նավասարդ Սրբազանի օրհնությամբ տոնական թեմատիկ ցուցահանդես-մրցույթ կազմակերպվում է արդեն 2 տարի: Այս տարի մրցույթին մասնակցել են Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, Գեղարվեստի պետական ակադեմիան ու Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: