Analitik.am կայքի տնօրենի կողմից շորթման քրեական գործի շրջանակներում տուժող ճանաչվելու հիմքով ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պաշտոնապես դիմել է ՀՀ ոստիկանության պետին իր և ընտանիքի անդամների անվտանգությունը լրացուցիչ ապահովելու հարցով:
Տիգրան Ուրիխանյանի գրասենյակի փոխանցմամբ, պատգամավորի և իր ընտանիքի լրացուցիչ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված քրեական գործին առնչվող որոշակի հանգամանքներով, որոնց վերաբերյալ տեղեկությունները չեն հրապարակվում նախաքննական գաղտնիքի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ «Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր' որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:
Analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին ու նրա օգնական Վարդիթեր Գիշյանին մեղադրանք է առաջադրվել շորթման հատկանիշներով: Անի Հովհաննիսյանը կալանավորված է, Վարդիթեր Գիշյանն ազատ է արձակվել գրավի դիմաց։