«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը դիմել է ԱԺ քաղաքական մեծանասնությանը և գրել. «Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։
Երկրի սահմաններին և երկրի ներսում իրավիճակը ծայրահեղ լարված է։ Ունենք հաշված ժամեր գրագետ և լայնախոհ որոշումներով իրավիճակը կայունացնելու և վատագույն սցենարներից խուսափելու համար։ Եկել է պատասխանատվություն ստանձնելու պահը։ Վաղը կարող է ուշ լինել։
Նախորդ օրը ձեր քաղաքական թիմի ղեկավարը բաց տեքստով հայտարարեց, որ իր բանակցային կոնցեպտը արդյունք չի տվել, ընդունեց դրա տապալումը և խոստովանեց, որ ինքը, ըստ էության, այլևս չի պատկերացնում իր անելիքը։
Ակնհայտ է, որ տապալված բանակցային բովանդակությամբ և անելիքի չիմացությամբ հնարավոր չէ դժվար այս պատմական պահին երկիր ղեկավարել և պետություն ներկայացնել։
Դուք ճշմարտությունը լսելուց մի հիստերիկացեք: Դրա փոխարեն ազատվեք գերությունից:
Առաջարկում եմ ձեզ Նիկոլի պաշտոնանկության հարցով շտապ քննարկումներ սկսել: Դուք պարտավոր եք հիմա դա անել:
Այս իրավիճակում որևէ բանական մարդ չի կարող ներքին անկայունության և անկառավարելի պրոցեսներ ցանկանալ։ Առավել ևս՝ շահագրգիռ լինել դրանում։
Որպես քաղաքական ուժ պահն է փոխելու հիմանական հարցադրումը.
Հիմա ոչ թե Նիկոլ, այլ պետություն պահելու ժամանակն է։
Նորից եմ կրկնում առաջարկս.
Ձեր ներսում քաղաքական թիմի նոր ղեկավարի և վարչապետի պաշտոնանկության օրակարգով շտապ քննարկում սկսեք։
Հայաստանը պետք է ունենա նոր բանակցող, ռազմաքաղաքական որոշումներ կայացնողների նոր կազմ։
Սա թույլ կտա էապես ուժեղացնել դաշնակիցների և միջազգային հանրության հետ աշխատանքը։
Սա թույլ կտա նաև էապես փոխել մթնոլորտը երկրի ներսում, դուրս գալ ստեղծված իրավիճակից»,-գրել է նա: