ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հեղինակած և ընդունված նախագծի առնչությամբ, որով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված փոխհատուցման չափերը բարձրացվում են համապատասխանաբար մինչև 3 մլն և մինչև 6 մլն դրամ: Զոհրաբյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում:
Ըստ Զոհրաբյանի՝ այդ օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, ազատ խոսքը լռեցնելու դեմ: «Սա ուղղակի ճնշում է լրատվամիջոցների վրա, քաղաքական գործիչների վրա, քաղաքացիների վրա, որ իրենք կաշկանդված լինեն իրենց ազատ խոսքը արտահայտելու: Նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո իմ դիտարկումները, իմ մտահոգությունները ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, ուղարկել եմ ԵԽԽՎ-ի մարդու իրավունքների հանձնակատարին և լրագրողական ու իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների»,-ասաց պատգամավորը:
Նա տուգանքների բարձրացված չափերը համարեց անտրամաբանական, անհամաչափ: