Զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափերը մի քանի անգամ բարձրացնող նախագիծը, որի հեղինակը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոյանն է, հավանության արժանացավ պետաիրավական հարցերի հանձնաժողովում և ուղարկվեց լիագումար նիստ՝ երկրորդ ընթերցմամբ ընդունման։
Ալեն Սիմոնյանը առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված օրենքի նախագծով առաջարկել էր վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն դրամի փոխարեն՝ մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ: Պատգամավորն առաջարկեց երկրորդ ընթերցմամբ քննարկմանը վիրավորանքի համար փոխհատուցման չափ սահմանել 3 մլն դրամը, իսկ զրպարտության համար՝ 6 մլն դրամը:
Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանի հետ, որն այն կարծիքին է, որ օրենսդրական նախաձեռնությունը անցանկալի և անհաջող է, նախագիծը որևէ կերպ հիմնավորված չէ և, միանշանակ չի ծառայի իր բուն նպատակին. «Այս նախագիծը, եթե ընդունվի, ապա ամենաառաջինը իր բացասական ազդեցությունն է ունենալու հենց հեղինակի վրա, որն առաջին հերթին աչքի է ընկնում իր խնդրահարույց խոսքով: Նախագիծը, օրենք դառնալու դեպքում, կսպառնա լրատվամիջոցներին, դրանց կկանգնեցնի ֆինանսական լուրջ դժվարությունների առջև»,- նշեց Շուշան Դոյդոյանը՝ հավելելով, որ այդ նախագիծը կհարվածի որակյալ մամուլին, առաջ կբերի ինքնագրաքննության պահանջ, ինչի պատճառով էլ լրատվամիջոցները կարող են փակվել:
Ըստ մեր զրուցակցի՝ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափերի բարձրացումը որևէ կերպ չի անդրադառնալու զրպարտության և վիրավորանքի ծավալների նվազմանը. «Այն դրական որևէ ազդեցություն չի ունենալու, դրական դինամիկա չի ապահովելու: Օրենսդրական նախաձեռնությունը որոշ դեպքերում կարող է նաև մեխանիզմ դառնալ ինչ-որ խմբերի կամ անձանց ձեռքին՝ սահմանափակելու լրատվամիջոցների ազատությունը: Այս առաջ քաշված նախագծով, կարող ենք ասել, որ զրպարտության և վիրավորանքի համար փոխհատուցման չափերը կարող են լծակ դառնալ լրատվամիջոցների հետ հաշվեհարդար տեսնելու»,- եզրափակեց Շուշան Դոյդոյանը:
Զվարթ Պետրոսյան