Ավելին. ոտնահարվել են անձի սահմանադրական իրավունքները: «Թե ինչպես և ինչու է հիվանդը զորակոչվել բանակ» վերտառությամբ մեր հրապարակմամբ երեկ անդրադարձել էինք բժշկական սխալ եզրակացության հիման վրա ՀՀ քաղաքացի Հ. Բաղդասարյանին շարային ծառայությանը պիտանի ճանաչելու ու բանակ զորակոչելու դեպքին: Իհարկե, լավ է, որ սխալ եզրակացություն տված բժիշկների մի մասի տվյալ արարքը, ի վերջո, բացահայտվում է, նրանք կանչվում են քրեական պատասխանատվության, սակայն նրանց առաջադրված մեղադրանքում առկա ձևակերպումը, թե ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով են սխալ եզրակացություն տվել, տարակուսանքի տեղիք է տալիս:

 


Կարծում ենք, կարելի էր հավատալ նաև կատարվածն անփութությամբ բացատրելուն, եթե լինեին նաև, այսպես ասած, հակառակ ուղղությամբ դեպքեր: Սակայն կա՞ արդյոք գոնե մեկ դեպք, երբ զինկոմիսարիատ կանչված երիտասարդին հետազոտելու, եզրակացություն տալու իրավասությամբ օժտված բժիշկը առանց որևէ կաշառքի, առանց որևէ շահագրգռության, միջնորդության, առողջ քաղաքացու վերաբերյալ անփութորեն այնպիսի հիվանդության եզրակացություն տա, որ նա չզորակոչվի բանակ: Համենայն դեպս, մեզ այդպիսի դեպք հայտնի չէ: Իսկ մեր հիշյալ հրապարակման մեջ նշված դեպքին նման դեպքեր էլի կան ու քիչ չեն, դրանք դարձյալ բացատրվում են անփութությամբ:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ռոզա Ավալյանն աշխատելով «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ -ում որպես քիթ-կոկորդ-ականջաբան, ընդգրկված լինելով Ճամբարակի զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի կազմում, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 410-2013թ. հրամանով և ՀՀ կառավարության 10.07.2008թ. թիվ 784-Ն որոշմամբ օժտված լինելով ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ընթացքում զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների անվճար ատամնաբուժական հետազոտություն կատարելու իրավասությամբ, ում կողմից տրված ախտորոշումները նպաստել և ուղղորդել են զինկոմիսարիատի զորակոչային հանձնաժողովի անդամների կողմից կայացվող որոշումների կայացմանը, այսինքն՝ ունեցել են իրավաբանական փաստի ուժ, այդ հիմքով հանդիսացել է պաշտոնատար անձ:

 

 

Ռ. Ավալյանը, ըստ մեղադրական եզրակացության, 2015թ. հունիսի 18-ին ցուցաբերել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, պաշտոնեական անփութություն: Դա արտահայտվել է նրանով, որ պարտադիր զինծառայության զորակոչվելու համար բժշկական հետազոտությունների ենթարկվելու նպատակով Ճամբարակի զինվորական կոմիսարիատի կողմից ուղեգրված Նվեր Հովհաննիսյանի ատամնաշարի հետազոտություն կատարելիս, պատշաճ կերպով չի կատարել իր պարտականությունները, ինչի արդյունքում չի հայտնաբերել Ն. Հովհաննիսյանի մոտ առկա, ՀՀ պաշտպանության նախարարի 08.04.2013թ. թիվ 410 հրամանի 71-րդ հոդվածի Ա կետով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու համար հիմք հանդիսացող հիվանդությունը, ապա Նվեր Հովհաննիսյանի անձնական գործում կատարել է նրա ատամնաշարի որևէ պաթոլոգիա չունենալու վերաբերյալ իրավաբանական փաստի ուժ ունեցող գրառում, ինչի հիման վրա Ճամբարակի զինկոմիսարիատում հաստատվել է Նվեր Հովհաննիսյանի՝ զինծառայության համար պիտանի լինելու հանգամանքը, և վերջինս 14.07.2015թ. զորակոչվել ՀՀ զինված ուժեր:

 

 

Հետագայում, սակայն, Ն. Հովհաննիսյանը ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 16.09.2015թ. թիվ 2533 որոշմամբ վաղաժամկետ զորացրվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր, ինչի հետևանքով, համաձայն քր. գործի նյութերի, խաթարվել է զինվորական ղեկավար մարմինների գործունեության բնականոն ընթացքը, հեղինակազրկվել են զինվորական իշխանության մարմինները,Ն. Հովհաննիսյանը պաշտոնատար անձի սխալի պատճառով ներգրավվել է ռազմաիրավական հարաբերությունների մեջ և շուրջ 2 ամիս տևողությամբ ծառայել ՀՀ զինված ուժերում, ինչով անզգուշությամբ ոտնահարվել են նրա սահմանադրական իրավունքները, իսկ պետության և հասարակության շահերին պատճառվել է էական վնաս:
Վերը նշված արարքի համար Ռոզա Ավալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի («Պաշտոնեական անփութությունը») 1-ին մասի հատկանիշով: