ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան շատ ու շատ հարցեր է առաջացրել։ Ինչո՞ւ նա այսքան ժամանակ դրսում ապրելուց հետո վերադարձավ, ի՞նչ առաքելությամբ, ի՞նչ նպատակներով և այլն։

 

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը։

 

-Պարո՛ն Սաղաթելյան, Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակով է վերադարձել Սամվել Բաբայանը։


-Նախ առաջինը՝ Սամվել Բաբայանը չի եկել, նրան ուղարկել են։ Սկսեմ սկզբից՝ ինչի՞ համար էր աղմկում Վահան Բադասյանը։ Մինչև նրա հայտարարությունը, անընդհատ ասում էին՝ «Մանվել, զորքդ առ, գնա ստեղից», որովհետև Սամվել Բաբայանը չէր կարող վերադառնալ, երբ Մանվել Գրիգորյանն Արցախում է։ Մանվելի ներկայությունը Սամվելին վախեցնում է։ Բաբայանին ուղարկել են, որպեսզի նա օգնի Վարդան Օսկանյանի կուսակցությանը։ Նա էլ նրա կուսակցության անդամներից մեկն է, ինչպես Բադասյանը։ Գլուխը Ռոբերտ Քոչարյանն է, Մոսկվայից երևի «դաբռո» է ստացել։ Այսպիսին առեղծվածներ: Եվ վերջում պարզվում է, որ բոլորը ձգտում են այս քաղցր, արևոտ Հայաստանի իշխանությանը։ Ղարաբաղի հարցը միշտ խաղալիք են դարձնում այստեղ՝ Հայաստանում իշխանություն փոխելու։ Իմ կարծիքով՝ նախապատրաստվում են Հայաստանում Սերժին փոխարինել մեկ այլ «Սերժով»։ Իսկ Սամվել Բաբայանն էլ ընդամենը գործիք է։ Ինքն էլ արանքում իր բերքն է քաղել։

 

-Այսինքն՝ հո՞ղ են նախապատրաստում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի համար։


-Այո։ Ռոբերտ Քոչարյանն այնքան անզգա կենդանի է, որ չֆայմեց նեղության պահին իր գողացած փողերի մի մասը տալ, եթե ոչ ժողովրդի՝ գոնե Աստծո ողորմածությունը ստանալու համար։ Բայց նա շարունակում է իր անբարոյական վերաբերմունքը մեր ազգի նկատմամբ և փողերը ծախսում է, որ նորից հետ գա։ Սա իմ կարծիքն է։ Ես նայում եմ Վարդան Օսկանյանի կուսակցությանը, անդամներին։ Միգուցե խելոք մարդիկ կան, բայց նրանք չգիտեն՝ խաբվել են, կուտը կերել են։

 

-Ժողովուրդը կընդունի՞ Քոչարյանին։


-Իհարկե ոչ։ Նա ոտքից գլուխ արյունոտ է, ո՞նց կարող են ընդունել։ Նա մտածում է, թե իր փողերով Սամվելին, Օսկանյանին, Մանվել Եղիազարյանին ու մի քանիսին ապահովի։ Նա իր կողքին ապահովում է նաև ուժայինների ներկայությունը, դա Ռոբերտի ձեռագիրն է։ նա մտածում է՝ ուժն է ծնում իրավունք, բայց սխալվում է, դրանք միայնակ գայլեր են։

 

-Պարո՛ն Սաղաթելյան, ասում եք՝ Սամվել Բաբայանը գործիք է։ Ինչպե՞ս են նրան «օգտագործելու»։


-Նախքան իր գալը, մեկ-երկու ամիս առաջ տարբեր ալիքներով սկսում էին Սամվել Բաբայանին՝ ջան-ջիգյար անձնավորությանը հետ վերադարձնել։ Ինչպես հիմա Ժիրոն (Ժիրայր Սէֆիլյանը՝ խմբ.) ու Արկադի Տեր Թադևոսյանն են դարձել հերոսներ, ինչո՞ւ այն ժամանակ չէին խոսում։ Իրենք վերջում միանալու են Օսկանյանին, այլ տարբերակ չկա։ Իրենց էլ են տանելու։ Այդ նույն ոճով Սամվելը կսկսի։ Կսկսի քաղաքականությունը բանեցնել, ինչը որ կթելադրեն։ Ինքը սխալվում է։ Ենթադրենք, մի քանի հոգի վճարվում են, որ ասեն ՝ հերոսը, մեռնեմ նրա ջանին։ Ի՞նչ հերոս։ Հերոսը չի փախչում իր հողից, հերոսը չի կեղծում, հերոսն իր ժողովրդին չի լքում։ Նման հերոսներ չեն լինում, դրանք կեղծ են։ Հերոսն էն տղեն է, ով 20 տարեկան, դիրքի մեջ մահացավ, բայց չհանձնվեց ու չթողեց, որ թուրքը առաջ գա։ Ինքն է հերոս։

 

-Ստացվում է՝ ազգային շահը կրկին ստորադասվե՞ց անձնական շահին։


-Այո, հենց այդպես է ստացվում։ Սամվել Բաբայանը վերադարձել է քաղաքական շահով, բայց ոչ իր ցանկությամբ։ Նա վերադարձել է քաղաքական պատվերով։ Մնացածը շուտով կտեսնենք։

 

-Վերջում սահմանային իրավիճակի հետ կապված եմ ուզում հարցնել։ Ըստ Ձեզ՝ նորից կկրկնվի՞ ապրիլյան պատերազմը, թե ոչ։


-Պատերազմ չի լինի, որովհետև Ադրբեջանի քաղաքական իրավիճակը մերից ավելի վատ է։ Այդ մի քանի օրվա պատերազմը Ադրբեջանին այնքան մեծ հարված տվեց, որ էլ երբեք չի փորձի։ Բայց եթե Ռուսաստանը օգնի՝ դա ուրիշ բան։ Իմ կարծիքով՝ երկու պարտություն իրար վրա չի լինում։ Մեր ազգը այս պահին սպասում է պատերազմի, մեկը՝ հենց ես։ Եթե հանկարծ կռիվ արեցին, ու մենք ազգովի գնացինք կռվելու, ով ուզում է լինի՝ պարտվելու է։ Դա իրենք լավ գիտեն։ Տեսան՝ ինչպես մարդիկ վազելով գնացին զենք վերցնելու ու կռվելու։ Հիմա ոգին շատ բարձր է, մեր բանակը ոգի ունի։ 90-ականների տղաների ոգին այս բանակի մեջ է։

 

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի