«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանում ապաստանած արցախցի քաղաքական գործիչների շրջանում նախընտրական տրամադրություններ են տիրում: Մասնավորապես, «Միասնական հայրենիք» Արցախի խորհրդարանական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը լրջորեն է տրամադրված հայաստանյան առաջիկա նախընտրական գործընթացների հետ կապված: Նա հանդիպումներ է նախաձեռնում քաղաքական ուժերի հետ՝ առաջարկելով ձեւավորել արցախցիների դաշինք եւ միասնական ճակատով մասնակցել հերթական կամ արտահերթ համապետական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնեն իրենց խնդիրները՝ թե սոցիալական, թե Արցախ վերադարձի հետ կապված։ Մենք տեղեկացանք, որ վերջերս մի քանի նման հանդիպում է եղել:
Վերջին հանդիպմանը, որին մասնակցել են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, Բաբայանը բացել է խաղաքարտերը գործընկերների առաջ, ասելով, որ ինքն արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, բայց կնախընտրի մեկ միասնական ճակատով մասնակցելը։ Գործընկերներն առանձնապես չեն խանդավառվել այդ առաջարկից, մատնանշել են ռիսկերն ու վտանգները: Մասնավորապես այն, որ սովորաբար իրենք են դժգոհում, որ Հայաստանում խտրական տարանջատում կա' արցախցիներ-հայաստանցիներ մասով, հիմա եթե գնան այդ ճանապարհով, ներքին թշնամանքն ավելի են խորացնելու։ Բացի այդ՝ հիշեցրել են, որ Հայաստան բռնի տեղափոխված արցախցիների զգալի մասը չունի Հայաստանի քաղաքացիություն, ուստի՝ ընտրության իրավունք, ինչն արդեն կանխորոշում է գործընթացի ձախողումը։
ԱՀ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները չեն համաձայնել Բաբայանի հետ նաեւ այն հարցում, թե արցախցիների ու Արցախի խնդրով զբաղվողներ չկան, վկայակոչել են խորհրդանական «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններին, որոնց հետ հատկապես վերջին շրջանում աշխատանքային համագործակցության նոր ֆորմատով քննարկում ու պետական կառավարման մարմիններին են հասցեագրում իրենց խնդիրները։
Սամվել Բաբայանը մեկ այլ առաջարկ էլ է արել՝ ձեւավորել նոր մարմին, որով կփորձեն հայաստանյան իշխանությունների հետ համագործակցել: Իհարկե, չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի' համագործակցություն ասելով, բայց ներկաները հասկացել են, որ հենց ինքն է ուզում ղեկավարել այդ մարմինը՝ դառնալով արցախցիների փաստացի ղեկավար: Այս առաջարկն էլ չի ընդունվել, նրան հիշեցրել են, որ Արցախը պետական ինստիտուտներ ունի, նոր մարմնի ձեւավորումը կնշանակի դրանց լուծարում, իսկ դա հենց իշխանությունների ուզածն է։
Ի դեպ, հանդիպման ողջ ընթացքում Բաբայանը վստահեցրել է, որ տեւական ժամանակ է չի շփվում հայաստանյան իշխանությունների հետ, սակայն նրա խոսքերին ներկաները չեն հավատացել։