«Հրապարակ» թերթը գրում է. «Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի ծառայողական մեքենան շուրջ 3 շաբաթ տուգանային հրապարակում պահելուց հետո ՆԳՆ-ն դրա հետ կապված նյութեր է նախապատրաստել եւ ուղարկել Քննչական կոմիտե։ Բայց ո՛չ քննչականից, ո՛չ ՆԳՆ-ից չեն պարզաբանում, թե որն է պատճառը։

Մեզ հասած տեղեկություններով, Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնելու՝ պարզելու, թե ինչ հիմքով է ԶՊՄԿ-ի տնօրինությունն այդ մեքենան նվիրատվություն արել կամ օգտագործման տրամադրել Քաջարանի քաղաքապետարանին։ Թեեւ այդ դեպքում պետք է պարզեն նաեւ, թե ինչ հիմքով է ԶՊՄԿ-ն քաղաքին նվիրաբերել «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա։

Հիշեցնենք․ օրեր առաջ գրել էինք, որ Սյունիքի մարզի պարեկային ծառայության աշխատակիցները երթեւեկության ժամանակ կանգնեցրել են Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի «Տոյոտա լանդ քրուիզեր» 777 77 համարանիշով ծառայողական մեքենան ու տարել տուգանային հրապարակ։ Իրավապահները որեւէ բացատրություն չէին տվել, նշել էին միայն, որ մեքենան հետախուզման մեջ է։

Մեզ պատմեցին, որ պարեկային ծառայության մոտ 5 մեքենա շրջափակել են քաղաքապետի մեքենան, ստիպել, որ Փարամազյանն իջնի մեքենայից։ Փարամազյանը հաստատել էր այս տեղեկությունը՝ էժան քայլ որակելով իր նկատմամբ իրավապահների գործողությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ դատախազությունը Քաջարանի քաղաքապետի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված վարույթ էլ է սկսել: Նրանից պահանջում են պետությանը հանձնել 6 անշարժ եւ 2 շարժական գույք, ինչպես նաեւ՝ շուրջ 1 մլրդ դրամ գումար։ Հայցադիմումն արդեն Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է»: