Անդրադառնանք դարձյալ էլեկտրաէներգիայի գողության խնդրին: Ընդգծենք՝ խոսքը ոչ թե էներգետիկ համակարգից, այլ հենց բնակիչներից հավելագրումների միջոցով կատարվող գողության մասին է: Ս. թ. փետրվարի 23-ին այդ կապակցությամբ իր մեկնաբանությունը հրապարակեց նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն: Ընկերության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ («Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ») մասնավորապես նշված է.

 

 

«Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը: Բոլոր աշխատակիցներից պահանջվում է ազնիվ և մասնագիտական բարձր որակով աշխատանք:

 

 

Տարաբնույթ նման երևույթների կամ այլ փաստերի հայտնաբերման դեպքում «ՀԷՑ» համապատասխան աշխատակիցը կենթարկվի պատասխանատվության (ընդհուպ մինչև կհեռացվի աշխատանքից և կփոխհատուցի պատճառված վնասը), արձանագրված խախտումը կշտկվի և կկատարվի վերահաշվարկ»:

 

 

Առաջին հայացքից հավանաբար չեք նկատի այս մեկնաբանության մեջ առկա հակասականությունը, որը սկսվում է հենց վերնագրումից: Մեկնաբանության այս բաժինը վերնագրված է ուղղակի այսպես' «Էլեկտրաէներգիայի «հավելագրումների» վերաբերյալ»: Բնականաբար, հարց է առաջանում' ընկերությունն ինչո՞ւ է չակերտավորել «հավելագրումներ» բառը, չի՞ ընդունում, որ դրանք իրականում գոյություն ունեն: Բայց չէ՞ որ վերնագրին հաջորդած հաջորդ նախադասությամբ հենց ինքն է հայտարարում, որ «Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատանքի գերակա ուղղությունների շարքում է նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների բացառումը», այսինքն' ընդունում է, որ այդպիսիք կան ժառանգություն մնացած նախկին ժամանակաշրջանից: Սակայն նշված իրողությունն ընդունելով հանդերձ, հենց հաջորդ պարբերությամբ փորձում է հերքել այն.

 

 

«Ինչ վերաբերում է որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհություններին, դրանք կարող են հետևանք լինել այն հանգամանքի, որ նախորդ ձմռան համեմատ փոխվել է էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման և սուբսիդավորման մեխանիզմը, ինչպես նաև ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Վերջինիս ապացույցն է էլեկտրաէներգիայի կորուստների շուրջ 2 տոկոս նվազումը, որն այսօր հասցվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված նորմատիվային մակարդակին»:

 

 

Ինչպե՞ս թե՝ իսկ որոշ բաժանորդների կողմից բարձրացված դժգոհությունները չե՞ն կարող հետևանքը լինել նախկին ժամանակաշրջանից ժառանգություն մնացած արատավոր երևույթների, այդ թվում՝ հավելագրումների և տարբեր այլ տեսակի խախտումների, որոնց գոյությունն ընկերությունը նախորդած պարբերությամբ ինքն էլ չի ժխտել, ընդունել է: Եվ ընդհանրապես կարո՞ղ են հետևանքը լինել այն հանգամանքի, որի մասին նշել է ՀԷՑ-ը… Որևէ մեկին վիրավորելու մտադրություն չունենք, բայց ՀԷՑ-ում իսկապես հասկանո՞ւմ են, թե այս ինչ անհեթեթություն են դուրս տվել: Նախորդ ձմռան համեմատ էլեկտրաէներգիայի դիմաց բաժանորդների կողմից վճարման ենթակա գումարի այդ ի՞նչ սուբսիդավորման մեխանիզմ է փոխվել, երբ նախորդ' 2014-2015 թթ. ձմեռաշրջանում բնակչության և ՓՄՁ-ների սպառած էլեկտրաէներգիայի դիմաց նրանց կողմից վճարման ենթակա գումարի սուբսիդավորում ընդհանրապես չի եղել:

 

 

Կամ ի՞նչ է, ըստ ՀԷՑ-ի, որոշ բաժանորդներ դժգոհում են նրանից, որ ուժեղացվե՞լ է վերահսկողությունն էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում: Այդ ո՞ր բաժանորդն է ՀԷՑ-ին կամ ՀԷՑ-ից դժգոհություն հայտնել նրա համար, որ ուժեղացվել է վերահսկողությունը էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գործառույթում, այսինքն' որոշ էլեկտրիկների կողմից գողությունը վերացվել կամ սահմանափակվել է: Դրանից մարդիկ կարող են միայն ուրախ լինել: Հակառակը' նրանք դժգոհում են հենց նրանից, որ գողություն կա, հավելագրումներ կան, էլեկտրիկներն իրենցից հոսանք են գողանում, վաճառում ինչ-որ անձանց' ուրիշի հաղորդալարը միացնելով իրենց հաշվիչին, որի պլաստմասսե կափարիչը ու դրա վրայի կնիքները բացակայում են, անշուշտ, ոչ թե թև կամ ոտ առնելով, այլ դրանց բացակայությամբ շահագրգիռ էլեկտրիկների միջամտությամբ:

 

 

«Այնուամենայնիվ, թյուրիմացություններից ու ապատեղեկատվությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է Ընկերությանը ներկայացնել կոնկրետ փաստեր,- նշված է ՀԷՑ-ի հիշյալ մեկնաբանության մեջ:- Մինչ օրս բաժանորդների կողմից ներկայացված բողոքների ուսումնասիրությունների արդյունքում հիմնականում խախտումներ չեն հայտնաբերվել:

 

 

Բոլոր բաժանորդներն իրենց բողոքներով ու առաջարկություններով կարող են դիմել՝ զանգահարելով (010) 65-24-53, 1-80 հեռախոսահամարներով, իրենց դիմումն ուղարկելով փոստով, ինչպես նաև անձամբ հանդիպելով Ընկերության գլխավոր տնօրենին: Ընդունելության օրերն անփոփոխ են՝ յուրաքանչյուր շաբաթ օր՝ 9:30-13:00:

 

 

Յուրաքանչյուր դիմումին Ընկերության կողմից կտրվի հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում: Պակաս կարևոր չէ նշել նաև, որ սոցիալական առկա դժվարին պայմաններում մեր առաջնային խնդիրն է լինել բոլոր սպառողների կողքին: Յուրաքանչյուր բաժանորդի շահը գերակա նպատակ է մեզ համար»:

 

 

Կոնկրետ փաստեր, առաջարկություննե՞ր եք ուզում, խնդրեմ… Առաջարկում ենք ձեր համապատասխան աշխատակիցների հետ միասին, տեսախցիկներով, ֆոտոապարատներով զինված, լինել մեր կողմից անակնկալ կերպով ու պատահականության սկզբունքով ընտրված մի շարք շենքերում, բացել հաշվիչների արկղերը, հայտնաբերել, լուսանկարել, տեսագրել դրանցում գտնվող, օրենսդրության պահանջների խախտմամբ առանց կափարիչների, առանց կնիքների, այսպիսով էլեկտրիկների կողմից կատարվող գողության մասին հուշող հաշվիչները: Իհարկե, բոլոր շենքերում չէ, որ այդպես է, բոլոր էլեկտրիկները չէ, որ գող են, բայց գողերն էլ քիչ չեն:

 

 

Թող ՀԷՑ-ը վերը նշվածը համարի իրեն ուղղված հրապարակային դիմում-առաջարկ: Հիմա կտեսնենք, թե դրան ընկերության կողմից կտրվի՞ հիմնավոր պատասխան սահմանված ժամկետում, ինչպես հավաստել են իրենց մեկնաբանության մեջ: Իսկապե՞ս իրենց առաջնային խնդիրն է սոցիալական առկա դժվարին պայմաններում լինել բոլոր սպառողների կողքին, իսկապե՞ս յուրաքանչյուր բաժանորդի շահը գերակա նպատակ է ՀԷՑ-ի համար: Կտեսնենք…

 

 

Արթուր Հովհաննիսյան