Հայաստանցիների միայն 37 տոկոսն է կարծում, որ շարքային քաղաքացու մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին, կարող է ինչ-որ բան փոխել: Այսպիսի եզրահանգման են եկել կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի հարցան կազմակերպիչները‘ ՀՀ քաղաքացիների տված պատասխաններից: Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ՀՀ շարքային քաղաքացիների այս մտայնությունն ամենամտահոգիչն է համարում: Հայաստանցիների միայն 43%-ն է ցանկություն հայտնել ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարի մեջ: Եվ այս ցուցանիշով մեր երկիրը հարցմանը մասնակցած 107 երկրների շարքում վերջից առաջին տեղն է գրավել: Ի դեպ, հարցման մասնակիցների միայն 18 %-ն է խոստովանել, որ երբևէ կաշառք է տվել: Այս թիվը, սակայն, Վարուժան Հոկտանյանն արժանահավատ չի համարում, քանի որ մարդիկ, որպես կանոն, հակված չեն խոստովանել, որ կաշառք են տվել, կամ վերցրել: Այդուհանդերձ, խոստովանածների մեջ մեծ թիվ են կազմել նրանք, ովքեր կաշառք են տվել առողջապահական համակարգում իրենց խնդիրները լուծելու համար' 24 %: Ոստիկանությունում կաշառք է տվել խոստովանողների 21 %-ը, արդարադատության համակարգում' 18 %-ը: Բարձր է նաև կրթական համակարգում կաշառատվության մակարադակը’ 12%: Վարուժան Հոկտանյանն իր մտահոգությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ըստ հարցման տվյալների, «ամենակոռուպացվածն այն մարմիններն են, որոնք, ըստ էության, կոչված են պայքարելու կոռուպցիայի դեմ»: Ի դեպ, հարցվածների 57%-ը կոռուպացված է համարել քաղաքական կուսակցություներին, ևս 57 %-ը ԱԺ-ին, 47 %-ը' իրավապահներին, 32%-ը’ հասարակական կազմակերպություններին, 37 %-ը' մամուլին, 51 %-ը' գործարարներին, 58 %-ը' կրթական համակարգը, 69 %-ը' դատական համակարգը, 66 %-ը' առողջապահական համակարգը, 66 %-ը' ոստիկանությանը և 68 %-ը' պետական պաշտոնյաներին ու պետական ծառայողներին: Հարցմանը մասնակցածների 43 %-ի կարծիքով, վերջին երկու տարիներին կոռուպցիան Հայաստանում աճել է, միայն 19 %-ն է հակառակ կարծիքը հայտնել: Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա հայաստանցիների 57 %-ը պետության վարած հակակոռուպցիոն պայքարն անարդյունավետ է համարում: Հատկանշական է, որ նախորդ տարիների համեմատ անվստահության ցուցանիշն աճել է: 2010-ին, օրինակ, հարցվածների միայն 27%-ն է կոռուպցիայի դեմ պայքարն անարդյունավետ համարել: