Վալերի Պերմյակովի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 30-ին: Դատը մեկ ամիս հետաձգելու պատճառը Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից ՌԴ ուղղված քաղհայցի թարգմանությունն ու հասցեատիրոջը ներկայացնելն է: Քաղհայցի միջնորդությունը ներկայացրեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, ով դատարանի որոշմամբ այսուհետ կպաշտպանի Ավետիսյանների դուստր Անահիտ Կոշտոյանի շահերը:
Քաղհայցը կազմվել է հաշվի առնելով բազմաթիվ միջազգային օրինագծեր՝ հաշվի առնելով հասցված բարոյական մեծ վնասը: Իսկ թե ինչո՞ւ ոչ անձամբ ոճրագործությունն իրականացրած Վալերի Պերմյակովին, այլ ՌԴ-ի նկատմամբ է քաղհայց ներկայացվել, քաղհայցում նշված է՝ «Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի անդամ պետություն, կոնվենցիայի 2-րդ հոդվածով պարտավորություն է կրում ապահովվելու մարդկանց կյանքը, հարգելու ու պաշտպանելու անձանց կյանքի իրավունքը: Ը նդ որում, ՌԴ չի իրականացրել իրենից կախված բոլոր միջոցներն իր իրավազորության ներքո գտնվող անձի՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից հանցագործությունները կանխելու, ՀՀ քաղաքացիների կյանքն ապահովվելու ուղղությամբ:Մասնավորապես՝ ՌԴ իրավասու մարմինները, տեղյակ լինելով Պերմյակովի կողմից զորամասը լքելու տասնյակ դեպքերի մասին, ունենալով տվյալները, որ Չիտայի թիվ 301 զինվորական հոսպիտալում հոգեբուժական բաժանմունքում ստացիոնար հետազոտություն անցկացնելուց հետո, հետազոտողներն հանգել են այն հետևության, որ Պերմյակովը չի համապատասխանում ՌԴ զինծառայողին ներկայացված պահանջներին և Պերմյակովի մոտ ախտորոշվել է անձնային անցողիկ խանգարում՝ անկանոն տեսակով, այնուամենայնիվ, Պերմյակովին ուղարկել են ծառայության Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի N զորամաս, բացի այդ, տեղյակ լինելով Պերմյակովի հոգեկան խնդիրների մասին, նրան ամրակցել են ինքնաձիգ, իսկ իմանալով Պերմյակովի ինքնակամ տարածքը լքելու մասին, հայ իրավապահներին այդ մասին տեղյակ են պահել շատ ուշ՝ 3 ժամ անց, որի ընթացքում Պերմայկովը արդեն կատարել է սպանությունները»,-նշված է քաղհայցի մեջ:
Քաղհայցի չափը որոշվել է հաշվի առնելով մի շարք հանգամանքեր՝ այդ թվում, որ Պերմյակովի կողմից իրականացրած սպանությունների հետևանքով մահացել են Ավետիսյանների ընտանիքի 7 անդամները, նրանցից 2-ը' մանկահասակ երեխա:
«Հաշվի առնելով պատճառած բարոյական վնասը, ոչ նյութական վնասի հատուցման չափ պետք է սահմանել ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամի մասով 50 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով, իսկ մանկահասակ յուրաքանչյուր երեխայի մասով 100 հազար եվրոյին համարժեք դրամով: Ելնելով վերընշյալից՝ պահանջում ենք ՌԴ-ից բռնագանձել հօգուտ Լուսինե Ավետիսյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ՝ Անահիտ Կոշտոյանի՝ 100 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ Անդրանիկ Պողոսյանի՝ 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, հօգուտ Մարինե Պողոսյանի 125 հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ որպես Աիդա, Հասմիկ, Սերյոժա և Արմեն Ավետիսյանների, Արաքսյա Պողոսյանի և մանկահասակ Հասմիկ և Սերյոժա Ավետիսյանների սպանության հետևանքով պատճառած ոչ նյութական վնասի փոխհատուցում»,-նշված է քաղհայցի մեջ:
Արմենուհի Մխոյան