Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության Նախագահը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցների հետ Նախագահն այնուհետև դիտել է հուշահամալիրում կազմակերպված տոնական մշակութային ծրագիրը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Սարդարապատում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի կապակցությամբ:
Այս տոնը մեզ համար առաջին հերթին փրկության տոն է: Մենք փրկեցինք մեր վերջին հողակտորը և այդ հողակտորի վրա մնացած մեր ժողովրդի վերջին բեկորները: Որքան էլ ծանր է խոստովանել, բայց դա էր իրականությունը:
Հուսահատության և արնաքամության եզրին կանգնած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ, հաղթելու և հետ շպրտելու նրան: Մայիսյան հերոսամարտերը և դրանց հաղթական ելքը շատերը զարմանալի հրաշք էին անվանում: Մենք հաղթեցինք, մենք ապրեցինք և մենք ազատագրվեցինք:
Մեր անկախությունն ու պետականությունը մեզ ոչ ոք չի նվիրել: Մենք դրա համար վճարել ենք այնքան, որքան թերևս ոչ ոք չի վճարել: Մենք դա արել ենք մենակ, ավելին՝ մենք դա արել ենք ի հեճուկս ճակատագրի հարվածների:
Մայիսի 28-ով օտարի հպատակն ու գաղթականը դառնում էին պետության քաղաքացի: Դառնում էին մարդ, ով իր ոտքի տակ արդեն զգում էր ամուր հող, իսկ թիկունքում՝ պետություն: Պետություն, որի կառուցմանը պետք է լծվեր հենց ինքը: Պետություն, որին պետք է ծառայեր: Պետություն, որին պետք է պահանջներ ներկայացներ: Պետություն, որին պետք է քննադատեր՝ ավելի լավը դարձնելու ակնկալիքով: Պետություն, որ իր կիսամեռ ժողովրդից, որի գրեթե կեսն էլ որբեր էին, պիտի ստանար քաղաքական ազգ: Պիտի աճեցներ նոր սերունդ, վերածնված սերունդ, որ ունակ է գիտական, մշակութային և ռազմական նոր սխրանքներ գործել: Դա պետություն էր, որ կանխորոշեց Խորհրդային Հայաստանի և այսօրվա Հայաստանի Հանրապետության գոյությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս տարվա ապրիլի սկզբի ռազմական իրադարձություններն ավելի տեսանելի դարձրին մի շարք իրողություններ՝ թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ մեր ներսում, թե՛ մեր շուրջը: Դրանց մեջ ինձ համար ամենակարևորը մեր նոր սերունդն է՝ անկախության սերունդը, որ և՛ մեզ, և՛ բոլորին ցույց տվեց, որ ինքն է իսկապես տերն ու պատասխանատուն իր երկրի: 1918 թվականին «Մայիսի 28» կերտողները կարող էին միայն երազել նման կանոնավոր բանակ և նման նոր սերունդ տեսնելու մասին: Մենք դա տեսանք:
Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև մեծ հաշվով դա հուսահատական պատերազմ էր: Այնտեղ կռվողներն արդեն չգիտեին, թե ինչ երկրի քաղաքացի են, կամ քաղաքացի՞ են արդյոք: Նոր Սարդարապատ չի լինելու, որովհետև կա պետություն: Կա անկախության սերունդ, որ ուզում է քայլել ժամանակակից աշխարհին համընթաց և քայլելու է: Անկախության սերունդ, որ ուզում է քայլեցնել իր երկիրն առաջ և քայլեցնելու է: Անկախության սերունդ, որ բոլորից ճիշտ է հասկացել մայիսի 28-ի պատգամը: Դա արգասիքն է այն իրողության, որ նրանց ընտանիքներում ու դպրոցներում նույնպես ճիշտ են հասկացել մայիսի 2 8-ի պատգամը: Մենք՝ որպես պետություն, որպես ազգ և հասարակություն ճիշտ ենք հասկացել մայիսի 28-ի պատգամը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Մայիսի 28-ը մեր ժողովրդի համար անդունդի եզրից հետ վերադառնելու օրն է: Դեպի կյանք, դեպի վերածնունդ, դեպի արարում և դեպի աշխատանք վերադառնալու օրն է: Մենք վերադարձել ենք:
Կեցցե՛ Հանրապետության տոնը:
Փա՛ռք մեր ժողովրդին: